Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՎԵՐՆԵՐ ԵՎ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ՀՈԲԵԼՅԱՐԻՆ

Սպորտ

Ալբերտ Ազարյանի 75-ամյակին նվիրված արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, կառավարության անդամներ եւ արվեստագետներ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր շնորհավորական խոսքը ասելուց հետո Ալբերտ Ազարյանին կառավարության կողմից նվիրեց ավտոմեքենա:

Իսկ Ազարյանի սերնդակից Սոս Սարգսյանը օլիմպիական խաղերի չեմպիոնի հաղթանակները համեմատեց Ավարայրի, Սարդարապատի եւ Արցախյան հերոսամարտերի հետ:

Քաղաքապետի տեղակալ Արման Սահակյանն էլ տեսախցիկ նվիրեց հոբելյարին եւ իր ու քաղաքապետի անունից խոստացավ, որ գալիք սեպտեմբերից Ազարյանի անվան մարզադպրոցի բյուջեն կավելանա 10 մլն դրամով:

Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի նվերն էլ հուշամեդալն էր: Ավելի թանկարժեք եւ նույնիսկ ադամանդից հուշամեդալ էլ իր հետ բերել էր Թեքեյան կենտրոնի նախագահ Ռուբեն Միրզախանյանը: Նվերներով եւ շնորհավորական ուղերձներով հանդես եկան նաեւ մի շարք այլ ճանաչված անձնավորություններ: Իսկ վերջում ելույթ ունեցավ Ալբերտ Ազարյանը եւ նշեց, որ ներկայումս մեր կառավարությունը եւ հանրապետության նախագահը տրամադրված են մեր մարզիկների հաջողություններին:

Ազարյանը ավելացրեց նաեւ, որ մեր սպորտը զգալի առաջընթաց է ապրել: Սակայն զարմանալի չէր, որ հոբելյարը չխոսեց այն մասին, որ մեր սպորտում կան մի շարք թերություններ եւ վերջին տարիներին մեր մարզիկների նվաճումների քանակը զգալիորեն նվազել է եւ այսօր մենք չենք էլ կարող երազել այնպիսի մարզիկների մասին, որոնք կարողանային կրկնել նույն Ազարյանի փառահեղ նվաճումները, իսկ տրամադրվածությունը շատ քիչ է միջազգային ասպարեզներում արդյունքի հասնելու համար: