Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Սեդրակյանը փող է առաջարկում Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
3eab2118cb2d8d507623ee373795ba30

2013 թվականի նախագահի ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած էպոսագետ Վարդան Սեդրակայնը 8 միլիոն դրամ է առաջարկում Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական ընտրություններին մասնակցելու համար։

«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնվի վերցնել գումարը ես ինքս կտանեմ այն իրենց կուսակցության գրասենյակ և կհանձնեմ իրեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 2013 թվականի նախագահի ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած էպոսագետ Վարդան Սեդրակայնը։

Էպոսագետը իր այս քայլը բացատրեց նրանով, թե չէր ցանկանա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չառաջադրվեր միայն ֆինանսական խնդիրների պատճառով. «Որ հետո չասի, եթե լիներ ֆինանսական միջոցներ, ինքը կմասնակցեր և անպայման կհաղթեր»։

Չնայած լրագրողների մեծ հետաքրքրությանը՝ Վարդան Սեդրակյանը հրաժարվեց պատասխանել, թե որտեղից է հայթայթել գումարը. « Գումարը ես հավաքել եմ իմ 14 տարվա ընթացքում վաստակած անվան շնորհիվ։ Կոնկրետ անուններ չեմ նշի։ Դրանք իմ, իմ ծանոթների, իմ ընկերների և այլնի միջոցներն են»։

Վարդան Սեդրակյանը անդրադառնալով նախագահի ընտրություններին նշեց, որ ինքը ոչ մեկին մրցակից չի համարում՝ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Առաջադրվածներից ոչ մեկի ծրագիրը արժանի մրցակից չէ «Սասնա ծռեր» էպոսին»։

Թեկնածուն կասկածի տակ դրեց նաև Սերժ Սարգսյանի առաջադրումը. « Քանի դեռ Սերժ Սարգսյանը ինքը չի հայտարարել, որ հաստատ առաջադրվելու է, ես չեմ հավատում, որ նա կդնի իր թեկնածությունը։ Նա հաղթելու որևէ հնարավորություն չունի, որովհետև այս ընտրություններում փող բաժանելու սխեման չի աշխատի»։

Իսկ թե ո՞րն է լինելու Վարդան Սեդրակյանի առաջին քայլերը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, թեկնածուն ընդգծեց. « Առաջին քայլը ենթադրում է լուծարել խորհրդարանը և նշանակել ԱԺ-ի նոր ընտրություններ» ։

«Ա1 +» - ը փորձեց «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից ճշտել, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է ընդունել ընտրագրավի համար առաջարկած 8 միլիոն դրամը. « Ես չգիտեմ, թե որտեղից է Վարդան Սեդրակյանը ենթադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գումար չունի ընտրագրավի համար։ Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավի գումարին, մենք այն կընդունենք, եթե Վարդան Սեդրակյանը հրաժարվի իր նախագահի թեկնածությունից և հանդես կգա որպես Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրող»:

Հովսեփ Խուրշուդյանը Վարդան Սեդրակյանի քայլը ոչ կոռեկտ համարեց և կոչ արեց հետևել իր քայլերին. « ՐաֆՖի Հովհաննսիայնը հայտարարվել է, որ հանգանակություն կատարվելու է միայն ընտրարշավի համար, այլ ոչ թե ընտրագրավի համար»,-ընդգծեց Հովսեփ Խուրշուդյանը: