Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՓՈՓՈԽՈՒՄ ԵՆ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ». ՊԵՏՔ Է ՀԱՍՑՆԵԼ...

Քաղաքականություն

Ազգային ժողովում քննարկվում է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը: Օրինագծի նկատմամբ քաղաքական ուժերի հետաքրքրությունը հսկայական է, հատկապես եթե հաշվի առնենք, որ առաջիկա 1 տարվա ընթացքում Հայաստանում կայանալու են նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Նախաձեռնության հեղինակը մոտ 1 տասնյակ պատգամավորներ են, որոնց ցուցակը գլխավորում է խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնություն» դաշինքի ղեկավար Գալուստ Սահակյանը: Առաջարկվող գլխավոր փոփոխությունը վերաբերում է ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը: Նախագիծը սահմանում է. «կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեւավորվում է գործող կամ արձակված Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցության կողմից նշանակված մեկական անդամներից եւ հանրապետության նախագահի կողմից նշանակված անդամներից, որոնց թիվը մեկով պակաս է գործող կամ արձակված Ազգային ժողովի խմբակցությունների թվից»:

Ընդդիմությունը ներկայացնող պատգամավորներն այս կարգն անընդունելի են համարում, քանի որ ստացվում է, որ ընտրական հանձնաժողովի անդամների բացարձակ մեծամասնությունը պետք է ներկայացնեն իշխանությունները: Ըստ պատգամավոր Աղասի Արշակյանի «փորձ է արվում զոռբայությանը օրենքի ուժ տալ»: Նա համոզված է, որ «Ընտրական օրենսգիրքը» փոփոխվում է ընտրությունների ժամանակ կեղծիքները կոծկելու նպատակով:

Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը կարծում է, որ «ընտրական հանձնաժողովները ընտրություններ կազմակերպելու համար են, այլ ոչ թե դրանք կեղծելու»: Ի դեպ նախկին ԱԺՄ-ական, նորաթուխ հանրապետական Ֆիլարետ Բերիկյանը համոզված է, որ լավագույն տարբերակը «ընտրությունների կազմակերպումը կառավարությանը վստահելն է, որպեսզի հետո կոնկրետ կառույց պատասխանատու լինի կեղծիքների համար»: Նշենք, որ խորհրդարանի մեծամասնությունը առաջարկում է վերացնել Մարզային ընտրական հանձնաժողովները՝ փոխարենը ձեւավորելով ընտրատարածքային հանձնաժողովներ:

Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրված մոտ 40 պատգամավոր առաջարկում է փոխել համամասնական եւ մեծամասնական ընտրատարածքների հարաբերակցությունը: Գործող օրենքով պատգամավորական տեղը բաժանված է 94 համամասնական եւ 37 մեծամասնական ընտրատարածքների: Առաջարկվում է սահմանել 65 մեծամասնական, 66 համամասնական ընտրատարածք:

Քննարկումները շարունակվում են: Հարցը առաջին ընթերցմամբ կքվեարկվի վաղը: