Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՏԱՊԱԼՎԵՑ

Քաղաքականություն

Ազգային ժողովի արտահերթ նիստը տապալվեց: 45 պատգամավորների ստորոգրությամբ հրավիրված նիստը պետք է կայանար ժամը 18.30.-ին: Անհրաժեշտ էր 66 պատգամավոր, որպեսզի ապահովվեր քվորում եւ նիստը սկսվեր: Սակայն գրանցվեց ընդամենը 56 պատգամավոր: Կանոնոակարգի համաձայն, եթե 3 ժամի ընթացքում պատգամավորների թիվը չլրացվի՝ նիստը համարվում է չկայացած: Արտահերթը նախաձեռնած պատգամավորների ջանքերով գրանցվեց եւս 4 պատգամավոր եւ գրանցվածների թիվը հասավ 60-ի, սակայն գրանցված պատգամավորներն էլ շատ չէին հավատում, որ իրենց գործընկերները կգան խորհրդարան եւ գնում էին տուն:

Նշենք, որ պատգամավորները արտահերթ պետք է քննարկեին Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Առաջարկվում էր վերացնել օրենքի այն դրույթն, որով Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի եւ Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին նշանակում է հանրապետության նախագահը:

Պատգամավորները ցանկանում էին սահմանել, որ հանձնաժողովի եւ խորհրդի անդամներին նշանակում են խորհրդարանական ընտրությունների արդյունքում 5%-ից ավել ձայն ստացած եւ խորհրդարան մտած կուսակցությունները եւ դաշինքները: Ի դեպ նման կարգ օգտագործվում է նաեւ կենտրոնոկան եւ այլ ընտրական հանձնաժողովներ ձեւավորելիս: