Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ Է

Քաղաքականություն

Տասնամյա անկախ Հայաստանում գործող Ներքին գործերի նախարարությանը վերջապես այսօր՝ կարգի համաձայն, հանձնվեց «Պատվի եւ արժանապատվության» դրոշը: Ապրիլի 16-ը անցյալ տարի պաշտոնապես հռչակվեց ոստիկանության օր եւ այսօր առաջին անգամ նշվեց հանդիսավոր շքերթով: Ընդամենը անցյալ տարի Ազգային Ժողովը նաեւ ընդունեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը:

Իրենց աշխատանքով համակարգի առավել աչքի ընկած աշխատակիցները ՀՀ նախագահի եւ Ներքին գործերի նախարարի հրամանագրերով արժանացան կոչումների, մեդալների եւ հուշանվերների:

Բազմաթիվ ելույթներում այսօր գնահատվեց ոստիկանության անցած երկար ճանապարհը՝սկսած ՀՀ սահմանների կամավոր պաշտպանությունից: Լավ աշխատանքի ապացույցն, ըստ նախագահի, այն է որ Հայաստանը այն քիչ երկրների շարքում է, որտեղ մարդիկ փողոցներում հանգիստ են շրջում:

Այնուամենայնիվ համակարգը դեռ չի կայացել մինչեւ վերջ եւ առայժմ գտնվում է ինքնամաքրման փուլում, խոստովանեց նախագահը:

Հանդիսավոր շքերթն ընդունողների շարքերում բացի ՀՀ բոլոր պաշտոնյաներից, ներկա էին նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներն ու Ներքին գործերի համակարգի նախկին աշխատակիցները՝ նախկին նախարար Եվգենի Պատալովի գլխավորությամբ: Նախկին նախարարը մեկ նախադասությամբ բնորոշեց ՀՀ ոստիկանության աշխատանքը՝ հանցավորության դեմ պայքարում: «Եթե այլ երկրներում ուզում են, բայց չեն կարողանում, մեզ մոտ կարողանում են, բայց շատ հաճախ չեն ուզում»:

Շքերթն ընդունելուց եւ բոլոր նվերները հանձնելուց հետո ՀՀ նախագահը հեռացավ, այս անգամ խուսափելով վերջին շրջանում իր կողմից որդեգրած քաղաքականությունից՝ «ցանկացած միջոցառումից հետո զրուցել լրագրողների հետ»: