Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միրզախանյան, բարձրացրու աշխատավարձը

Պաշտոնական
0a80a210026adde6b16ec57bcac90d01

Վարչապետը Տիգրան Սարգսյանը հանձնարարել է 40 տոկոսով բարձրացնել ՀՊՄՀ դասախոսների աշխատավարձը։

ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը: Քննարկվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հաշվետվությունը ՀՊՄՀ-ում իրականացրած փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքների վերաբերյալ:

Նիստի ընթացքում բարձրացվել է նաեւ մանկավարժական համալսարան երիտասարդ դասախոսների ներգրավելու անհրաժեշտության հարցը, որոնց թիվն այսօր սակավ է: Այդ կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նկատել է. «Փաստ է, որ երիտասարդ գիտնականների խրախուսման առաջնային ձևերից մեկը ֆինանսականն է: Պարոն Միրզախանյան, ես Ձեզ անցած տարի հանձնարարեցի 40 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, ինչը Դուք արեցիք: Սակայն կարծում եմ, որ այդ գումարի չափն էլ բավարար չէ: Հանձնարարում եմ Ձեզ մինչ այս տարվա ավարտը կրկին 40 տոկոսով բարձրացնել Ձեր դասախոսների աշխատավարձը»:

Հանձնարարականի կապակցությամբ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշել է, որ մինչ տարեվերջ համալսարանի շուրջ 900 պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչների աշխատավարձը կբարձրացվի ևս 40 տոկոսով:

Անդրադառնալով ուսանողներից մեկի այն դիտարկմանը, թե ներկայում շրջանավարտը չի կարողանում գտնել աշխատանք, քանի որ գործատուն պահանջում է աշխատանքային փորձ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ կառավարության ղեկավարի հանձնարարականով այժմ իրենք աշխատում են օրենսդրական փաթեթի վրա, որը կկարգավորի խնդիրը: Նախագծով առաջարկվելու է ուսումնառության տարիները դիտարկել որպես աշխատանքային փորձ, ինչը կհեշտացնի երիտասարդների մուտքը քաղաքացիական ծառայության և մասնավոր ոլորտ: