ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎՅԱԼ 7-ՐԴ ՇՐՋԱՆՆ Է
Աջակցիր «Ա1+»-ին«ԼՂ հակամարտության հարցն այսօր տրանսֆորմացվել է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց, որն արդեն դիտվում է իբրեւ տարածքային պահանջ», - Մամուլի Ազգային ակումբում հրադադարի 10 տարվան նվիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախկին նախագահ, «Արմատ» հ/կ առաջնորդ Բաբկեն Արարքցյանը: Նա համոզված է, որ 10 տարի առաջ կնքված հրադադարն այնքան փխրուն է, որ այն կարող է խախտվել հենց այդ «տրանսֆորմացիայի» պատճառով:
«Այն պահից, երբ ԼՂ հարցի կարգավիճակը վերածվեց տարածքային վեճի, հրադադարի տերը մենք չենք, Ադրբեջանն է: Որովհետեւ նրանք կարող են ասել, որ գրավվել են ադրբեջանական տարածքներ»,- ասաց պարոն Արարքցյանը:
Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանցի դիվանագետների վերջին շաբաթում արված այն հայտարարություններին, որ պետք է վերադարձվեն գրավյալ 7 շրջաններ, մինչդեռ 6 շրջան է գտնվում հայկական ուժերի հսկողության տակ:
«Շուշին այսօր նրանք համարում են 7-րդ շրջան: Շուշին ԼՂԻՄ-ի կազմում առանձին շրջան էր, մեկ տարվա ընթացքում նրանք 6-ը սարքեցին 7»,- պարզաբանեց հրադադարի համաձանագիրը ստորագրած ԱԺ նախկին նախագահը: Ադրբեջանի այս քաղաքականությունը պարոն Արարքցյանն անվանեց «փաստաթղթային պաշարում»:
«Մի տեղ գրեցին օկուպանտ, լռեցինք, 94-ից սկսած 6 շրջան է եղել»,- հիշեցրեց ՄԱԱ հյուրը:
Այսօր նա վստահեցրեց, որ 97 թվականի առաջարկություններից հետո ԼՂ հարցի շուրջ կայացած բանակցություններում ոչ մի առաջընթաց չի եղել:
Երեկ պարոն Արարքցյան «Նյու Յորք թայմս»-ում կարդացել է մի հրապարակում, ըստ որի մեր տարածաշրջանում խաղաղություն է պետք, հակառակ դեպքում այն կպարտադրվի. «Այսինքն, հարցի լուծողը մենք չենք եւ դա ամենավատ տարբերակն է, անգամ կարող է մասնակից էլ չլինենք հարցի լուծմանը»:
Ի դեպ ի՞նչ է կարծում պարոն Արարքցյանը՝ հեռանկարներ ունե՞ն երկու երկրների նախագահների հանդիպումները: «Հենց այդ հանդիպումները բերեցին նրան, որ Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից: 94-ին Լեւոն Տեր Պետրոսյանն ուր գնում էր, Ղարաբաղի նախագահին իր հետ տանում էր: 94-ի սեպտեմբերին Քոչարյանն ու Ալիեւը նույնիսկ առանձնազրույց են ունեցել», - հիշեցրեց պարոն Արարքցյանը:
Այսօր վերջինս համոզված է՝ միակ հնարավոր լուծումը փուլայինն է, քանի որ նույնիսկ «փաթեթային լուծումը փուլային է»: