Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ում 7 ԵՐԿՐՆԵՐԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ «ՍՔԻՆՀԵԴՆԵՐԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեքստանի եւ Վրաստանի հյուպատոսական ծառայությունները մտահոգություն են արտահայտել Մոսկվայում «սքինհեդների» խմբավորումների ակտիվացման առնչությամբ:

Ինչպես հայտնում է «Կավկազպրես» գործակալությունը, ՌԴ ԱԳՆ հյուպատոսական ծառայության դեպարտամենտին հիշյալ երկրների հյուպատոսությունների ներկայացուցիչների ստորագրությամբ հայտարարություն է ուղղվել: Հայտարարությունում ասվում է, որ հյուպատոսությունները Մոսկվայում բնակվող իրենց քաղաքացիներից վերջին ժամանակներս անընդհատ նամակներ են ստանում: Վերջիններս մտահոգված են «սքինհեդների» հայտարարությունների կապակցությամբ:

Հայտարարությունում ընդգծվում է նաեւ, որ «սքինհեդների անհամարժեք վարքագիծը ոչ սլավոնական արտաքին ունեցող մարդկանց նկատմամբ անմիջական սպառնալիք է ներկայացնում մեր երկրների քաղաքացիների առողջությանը եւ անվտանգությանը, հատկապես հասարակական վայրերում ՝ մետրոյում, շուկաներում, երիտասարդական դիսկոտեկներում»: