Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՍՊԵՍ ՍԵՐՈՒՆԴ ՉԵՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ, ԱՅՍՊԵՍ ԿՈՏՐՈՒՄ ԵՆ ՈԳԻ

Քաղաքականություն

Այսօր եռաբլուրում կարելի էր հանդիպել բազմաթիվ երկրապահների, բայց մեր աչքից չվրիպեց հատկապես գեներալի ուսադիրներով, խորհրդային ժամանակների գեներալ, ազգային անվտանգության գեներալ-մայոր, արտակարգ իրավիճակների վարչության նախկին պետ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի եղբայր Վյաչեսլավ Հարությունյանը, որը հայրենիքին ծառայել է ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլեւ անկախության տարիներին. Օմարի օպերացիայի ժամանակ նա կառավարության շտաբի անդամ էր եւ հետեւում էր գործողությունների ընթացքին:

-Ժողովուրդը, երկրապահը մեծ հաղթանակ տարավ, բայց այսօր մենք ավելի շատ պետք է մտածենք զոհվածների երեխաների մասին: Իմ կարծիքով, համապտասխան սոցիալական քաղաքականություն չի իրականացվում, եւ դրանով մենք չենք դաստիարակում մեր սերունդը: Պետք է մտածել, որ այդ երեխաները հայրենիքի վաղվա պաշտպաններն են, նրանք պետք է ուշադրության կենտրոնում լինեն ու զգան, որ պետությունը կանգնած է իրենց կողքին: Իրենք պետք է համոզված լիեն, որ ունեն ապագա. այսօր ես դա չեմ տեսնում:

-Դուք խոսեցիք զոհված ազատամարտիկների ընտանիքների մասին, իսկ Ձեր կարծիքով, ինչպե՞ս է այն մարդկանց վիճակը, ովքեր մարտնչել են հայրենիքի պաշտպանության համար:

-Ես կասեմ նույնը: Չկա պետական քաղաքականություն երկրապահների վերաբերյալ, մարդկանց, ովքեր թողնելով իրենց ընտանիքը գնացել են պատերազմի դաշտ: Նրանք վերադարձել են ու այսօր մտածում են օրվա հացի մասին, նրանք չեն տեսնում իրենց ու իրենց ընտանիքի ապագան:

-Այսօր բանակի հիմնադրման գործում մեծ ավանդ ունեցող գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը մակուսարանում է, ռազմի դաշտում 2-րդ կարգի հաշմանդամ դարձած Արամազդ Զաքարյանը նույնպես, Սամվել Բաբայանը իր իսկ ազատագրած շուշի քաղաքակի բերդում է, ԵԿՄ վարչության անդամներից մի քանիսը ազատազրկվեցին, ընդհանրապես պատերազմով անցած ոչ երկրապահների եւ երկրապահների հանդեպ նման վերաբերմունքը պատահականությո՞ւն է, թե՞ ընդգծված մոտեցում:

-Սա պատահականություն չի, սա խոսում է այն մասին, որ մենք կորցրել ենք բարոյական արժեքները. մարդիկ, ովքեր իրենց չեն խնայել հանուն հայրենիքի, հանուն ազատագրական պայքարի, այսօր գտնվում են մեկուսարանում: Դա նշանակում է, մենք փաստացի ասում ենք, որ ձեր անցած ուղին ոչինչ չի նշանակում այս կառավարության համար: Այսպես սերունդ չեն դաստիարակում, այսպես ոգի չեն կրթում, այսպես մարտական ոգին կոտրում են: