Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Քաղաքականություն

«ԱՅԲ-ՖԵ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ

Եվրախորհրդի ներկայացուցիչ Թերի Դեւիսի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զեկույցը, որին արդեն երկար ժամանակ սպասում են թե Հայաստանում, թե Ադրբեջանում, պատրաստ է. այն շուտով կներկայացվի:

Ըստ «Զերկալո»-ի` Դեւիսը տեղեկացնում է, որ փաստաթղթում հիմնական նկատառումները շարադրվել են հաշվի առնելով առաջին հերթին մարդկային գոծոնը: Թերթը նկատում է, որ սա նշանակում է, որ զեկույցն անդրադառնում է փախստականների խնդրին:

Դեւիսը հույս ունի, որ զեկույցը կխթանի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Եվրախորհրդի ներկայացուցչի կարծիքով, թեպետ զեկույցի որոշ կետեր, կարող են չբավարարել հակամարտող կողմերին, սակայն Եվրախորհրդում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկույցի պատրաստման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ այս կազմակերպությունը շահագրգռված է հակամարտության շտապ կարգավորմամբ:

Այսպիսով, ըստ «Զերկալո»-ի, քանի որ Լեռնային Ղարաբաղը կրկին գտնվում է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում, Ալիեւ-կրտսերը չի կարող անտեսել այն, մանավանդ, որ հակամարտությունը կարող է խանգարել ապագայի ծրագրերի եւ բարեփոխումների իրականացմանը: Վարշավայում օրերս տեղի ունեցած Քոչարյան -Ալիեւ հանդիպումից հետո, ինչպես նաեւ մայիսի 12-ին Ստրասբուրգում նախատեսվող երկու երկրների արտգործնախարարների, իսկ ավելի ուշ՝ նրանց ներկայացուցիչների հանդիպումների առիթով ավելի հաճախակի են դարձել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությունները:

Օրերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով այս մասին եւ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ակնկալել, որ նախարարները կքննարկեն կոնկրետ էլեմենտներ եւ արդյո՞ք այդպիսիք քննարկվել են նախկինում, ասել է. «Երկու նախարարները կշարունակեն քննարկումը երկու նախագահների բանակցությունների համատեքստում: Այո, այդ գաղափարները քննարկվել են նաեւ անցյալում»: Իսկ հայկական կողմի դիրքորոշումներում նկատելի՞ են կառուցողական փոփոխություններ հարցին Մամեդյարովը խոստացել է պատասխանել մայիսի 12-ից հետո:

Ղարաբաղյան հակամարտության մասին խոսվել է նաեւ Բաքվի Միջազգային մամլո կենտրոնում ՆԱՏՕ-ի «ործակցություն հանուն խաղաղության» ծրագրի 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակելու է ՆԱՏՕ-ի կառույցներին ինտեգրվելու գործընթացը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը բացառել է ալյանսի ուժերը հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման համար օգտագործելու հնարավորությունը:

Ազիմովը նաեւ տեղեկացրել է, որ հնարավոր է, որ տրանսպորտային հաղորդակցության ուղիների վերականգնման դիմաց գրավյալ 7 շրջանների ազատման հարցը դառնա հետագա բանակցությունների թեմա: «Սա հակառակ կողմին ուղղված առաջարկ է եւ եթե Ադրբեջանի նախագահը մեզ նման հանձնարարություն տա մենք կքննարկենք այդ խնդիրը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ժամանակ կքննարկվեն հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայմաններն ու քայլերը:

Այս հանդիպումը կընթանա մի քանի ձեւաչափով՝ դեմ դիմաց եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ: Համանախագահները կհանդիպեն նաեւ նախարարների հետ առանձին-առանձին: Բանակցություններում կոնկրետ պլան չի քննարկվի, այլ կքննարկվեն երկու երկրների նախագահների հանձնարարականները»,- ասել է Ազիմովը:

Նույն մամլո ասուլիսում նա կարեւորել է Ստամբուլում նախատեսաված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը եւ այն, որ Ադրբեջանը «ործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մասնակցում է այն գործընթացի ծրագրավորմանն ու վերլուծությանը, որը կարող է նպաստել ՆԱՏՕ-ի — եւս 20 երկիր-գործընկերների համագործակցության ակտիվացմանն ու նոր կապերի հաստատմանը:

ՊԵՐՃՈՒՀԻ ՏԱՏՈՒՐՅԱՆ