Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ՉԳՐԱՆՑԵՑ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

Քաղաքականություն

Ապրիլի 14-ին լրացավ թիվ 75 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուների ժամկետը: Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովի նույն օրը կայացած նիստին մասնակցում էին ՄԸՀ 13 անդամներից 10-ը:

Վանո Սիրադեղյանի լիազոր ներկայացուցիչները ՄԸՀ էին ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի ապրիլի 9 վճիռը, որը ՀՀ ՆԳՆ անձնագրային եւ վիզաների վարչությանը պարտավորեցնում է տեղեկանք տալ վերջին 5 տարում Վանո Սիրադեղյանի Հայաստանւմ մշտապես բնակվելու վերաբերյալ: Ներկայացվել է նաեւ վարչության պետի գրությունը, որով վեչջինս հայտնում է, որ վճիռը ուժի մեջ է մտնում հրապարակումից 15 օր հետո, եւ տեղեկանքը կտրվի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Տավուշի ՄԸՀ նախագահը հայտնեց, որ ներկայացված փաստաթղթերում բացակայում է վերջին 5 տարում Սիրադեղյանի Հայաստանում մշտապես բնակվելու տեղեկանքը, հետեւաբար, անիմաստ է նրան պատգամավորության թեկնածու գրանցելու մասին հարցը քվեարկության դնելը:
ՄԸՀ 10 անդամներից 4-ը - "ԱԻՄ"-, "Հայրենիք"-ը, ՀՀՇ-ն եւ "Շամիրամ"-ը, ի նշան բողոքի լքեցին նիստը:

P.S. Հիշեցնենք, որ 2002 թ-ի ապրիլի 6-ից ՀՀ ՆԳ նախկին նախարար, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Վանո Սիրադեղյանը հետախուզման մեջ է: Նրա գտնվելու վայրը անհայտ է: Վանո Սիրադեղյանը մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ, իսկ պատգամավորական մանդատից նա զրկվեց ԱԺ նախորդ նստաշրջանում նիստերին անհարգելի պատճառով չմասնակցելու համար: