Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ ՍՏԵՂԾԵԼ»

Քաղաքականություն

«ԱՅԲ-ՖԵ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ

Մայիսի 9-ին կնշվի Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 59-րդ տարեդարձը: Ինչպե՞ս են ապրում պատերազմի վետերաններն այսօր:

ՌԱՖԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

(ՀՀ պատերազմի, զինված ուժերի, աշխատանքի եւ իրավապահ մարմինների վետերանների միության նախագահ, գեներալ-մայոր)

Եթե համեմատենք անցյալ տարիների հետ, ապա վերջին չորս-հինգ տարիներին վիճակը մի քիչ լավացել է: Թոշակ ենք ստանում, օգնություն են տրամադրում, բայց երբ համեմատում ենք ԽՍՀՄ նախկին հանրապետությունների, օրինակ՝ Ռուսաստանի կամ Բելոռուսի հետ, ապա տեսնում ենք, որ մեզ մոտ դեռ շատ անլուծելի հարցեր կան: Ես կուզենայի, որ տոնի առթիվ մեր վետերանների, որոնք շատ ծանր դրությանն մեջ են, թոշակներն ավելանան: Հետո վերջերս արտոնությունները վերացրին՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու: Մարդ կա, որ չի ուզում երեք հազար դրամ, ուզում է արտոնություն ունենա, ավտոբուս նստի-գնա:

Հրանտ Հովհաննիսյան

(ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ)

Հայաստանի անկախացման առաջին տարիներին վերաբերմունքը թշնամական էր. իշխանության գլուխ եկածները մերժեցին անցյալի արժեքները, այդ թվում նաեւ պատերազամի վետերանների ծառայությունները: Նրանք չէին գիտակցում, որ եթե չլիներ հաղթանակը ֆաշիզմի նկատմամբ, հիմա չէին լինի ոչ հայերը, ոչ էլ Հայաստանը: Բարեբախտաբար, այդ մղձավանջային ժամանակը շուտ անցավ: Նրանցից հետո իշխանություն եկածները գնահատում են, գիտակցում են մեր ծառայությունները: Այդ բարոյապես մեզ համար լավ է եւ գնահատելի: Իսկ ինչ վերաբերում է պատերազմի վետերանների վիճակին, պիտի ասեմ՝ շատ վատ է: Այս երկիրը մենք ենք ստեղծել: Պատերազմի վետերանները միայն չեն կռվել: Նրանք այն սերունդն են, որ խորհրդային կարգերի հաստատումից հետո կառուցեցին բացարձակապես հետամնաց, քայքայված, հիվանդ երկիրը: Կուզենայի, որ վետերանների նկատմամբ հարգալից վերաբերմունք լինի, ինչպես մենք ունեցել ենք մեր մեծերի նկատմամբ:

Վլադիմիր Նավասարդյան (գնդապետ)

Մեր կառավարության կողմից վետերանների հանդեպ վերաբերմունքը բարեհաջող համարել չի կարելի, քանի որ գնալով մեր իրավունքները, արտոնությունները կրճատվում են, թոշակի բարձրացում անհրաժեշտ մակարդակով, ինչպես Պուտինն է անում Ռուսաստանում, մեզ մոտ չի կատարվում: Ցավալի է, որ պատերազմի հետ գործ չունեցող մարդկանց աշխատավարձերը կառավարական օրգաններում, պառլամենտում հասցնում են հարյուրհազարների, իսկ խեղճ վետերանին, որ արյուն է թափել, իր կյանքի վերջին օրերն է ապրում, զրկում են արտոնություններից, որ մինչեւ հիմա գոյություն ունեին:

Մամիկոն Աբգարյան (պաշտոնաթող գնդապետ)

Մեր վետերաններից շատերը հնարարավորություն չունեն իրենց կենցաղային հարցերը լուծելու: Շուկայում գները գնալով բարձրանում են, իսկ թոշակով հնարավոր չէ ապրել: Կոմունալ սպասարկման հարցերը պիտի կարգավորվեն: Վետերանը հաշմանդամ է՝ աղբի վարձ են ուզում, ջրի վարձ են ուզում, մարդիկ չգիտեն՝ որն է ճիշտը:

Պատրաստեց ԿԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԸ: