Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ ՀԱՂՈՐԴԱԿԸ

Քաղաքականություն

«ԱՅԲ-ՖԵ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ

Հայաստանում ամենապետական «մտածողություն» դրսեւորողը, պարզվում է, HTB հեռուստաընկերության հաղորդակն է: Այն «շարքից դուրս եկավ» ճիշտ այն ժամանակ, երբ ընդդիմադիրները Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով պարբերական ցույցեր էին կազմակերպում: Իհարկե, այդ ցույցերի հետ հեռուստաընկերությունը ոչ մի կապ չունի:

Պարզապես, HTB-ն դուրս էր ընկնում վերահսկվող ՀՀ բոլոր հեռուստաընկերությունների շարքից եւ, հատկապես, հայաստանյան հեռուստադիտողին մատուցում էր չվերահսկվող, այսինքն՝ ճշգրիտ ինֆորմացիա այն ամենի մասին, թե ինչ է կատարվում ցույցերի ժամանակ: Ցուցադրվում էր նաեւ ցույցերի մասնակիցների իրական թիվը:

Նմանատիպ մեկ-երկու դեպքերից հետո Հայաստանի բնակիչները զրկվեցին HTBդիտելուց եւ, հետեւաբար, հավաստի ինֆորմացիա ստանալուց: Ի դեպ, ՀՀ բնակիչների համար կա մի քանի տարբերակ վերոնշյալ ռուսաստանյան հաղորդումները դիտելու համար: Նախ «Պարադիզ» ընկերության միջոցով, որը HTB-ն Հայաստանում վերահեռարձակում էր դեցիմետրային հառուստահաճախականությամբ, երկրորդը. հայ-ամերիկյան AATV -ի ցանցին բաժանորդագրվելու միջոցով եւ երրորդը. անձնական արբանյակային ալեհավաքներ ունենալու պայմաններում:

Հենց այս դեպքերը դիտարկելու ժամանակ էլ ի հայտ է գալիս այն փաստը, որ HTB-ի հաղորդակը «փչացել» է միտումնավոր կամ ընդանրապես չի փչացել: Պարզապես, Հայաստանում նպատակահարմար չեն գտնում այդ հետուստաընկերության հաղորդումները հեռարձակել: Այդպես օրինակ՝ «Պարադիզ» ընկերության փոխտնօրենից տեղեկացանք, որ Հայաստանում HTB-ի հաղորդակը փչացել է:

Հաղորդակի փչացած մասերը պետք է ներկրվեն այլ պետություններից: Ընկերության փոխտնօրենի խոսքերով հաղորդակի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց հաղորդակի բաղադրամասերը դեռ չեն ներկրվել, ուստի եւ հեռուստաընկերության հաղորդումների վերահեռարձակման վերականգնման ժամկետները հայտնի չեն:

AATV ընկերության աշխատակցուհիներից մեկը մեզ տեղեկացրեց, որ իրենց ցանցով HTBհեռուստաընկերության հաղորդումները դադարեցվել են, քանի որ Հայաստանի տարածքում ինչ-որ տեխնիկական խնդիրներ կան եւ հեռուստաընկերության ազդանշանն իրենց չի հասնում: «Ոչ մեկը չի կարող Ձեզ ասել, թե երբ կհեռարձակվի: Երբ սիգնալը կաստանանք, այն ժամանակ էլ կհեռարձակենք»,- նշեց AATV ընկերության աշխատակցուհին:

Նշենք, որ «Պարադիզ»-ի «փչացած» հաղորդակի հետ AATV –ի ստացվող ազդանշանը որեւէ կապ չունի: Իսկ արբանյակային ալեհավաքներ ունեցողներն, օրինակ, մինչեւ այսօր շատ հանգիստ, առանց որեւէ խափանումների շարունակում են դիտել HTB-ի հաղորդումները: Ի դեպ, արբանյակով նույն ազդանշանը պետք է որ ստանար նաեւ AATV ընկերությունը:

ԼԵՆԱ ԲԱԴԵՅԱՆ