Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կյանքի խոսքը» կգնա մինչեւ Եվրադատարա ՞ն

Հասարակություն
c1ceb03b1333e421061e05650a03a69e

Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցին անարդար է համարում Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա վճիռը եւ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել:

Այս մասին «Ա1+ »-ի հետ զրույցում ասաց «Կյանքի խոսքի» մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը:

Նշենք, որ դատարանը երեկ դատավոր Ռ.Ներսիսյանի նախագահությամբ մերժեց «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի` գտնելով, որ թերթի էջերում տեղ գտած արտահայտություններն ու ծաղրանկարները վիրավորական չեն:
«Կյանքի խոսքը» դատարանում վիճարկում է «Իրավունք» թերթի հոկտեմբերի 19-25-ի համարում տպագրված «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը, որտեղ « Իրավունքը » կազմակերպությանը մեղադրում է մանկապղծության, պոռնոգրաֆիա քարոզելու եւ այլ մեղքերի մեջ:

«Կյանքի խոսքը » վիրավորական և զրպարտություն է համարում նաեւ թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, մյուս լուսանկարում պատկերված կնոջ`դերասանուհի Անժելա Սարգսյանի ձեռքի «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք»» արտահայտությունը:

Հայցվորը դրամական պահանջ չէր ներկայացրել թերթին եւ հասցված վիրավորանքի դիմաց պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել նաև հերքման տեքստերը:

Դատարանը գտավ, որ վերոնշյալ արտահայտությունները վիրավորանք չեն եւ մերժեց հայցը` վճռելով «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունից և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանից հօգուտ «Իրավունք» թերթի բռնագանձել 150-հազարական դրամ՝ որպես փաստաբանական ծախս, իսկ հօգուտ պետական բյուջե փոխանցել 1500 ՀՀ դրամ: Վճիռը դատարանում ընդունվել է « Իրավունքի » սեփականատեր Հայկ Բաբուխանյանի կողմնակիցների ծափողջույններով :

«Բնական է, որ դատարանի վճիռը չի բավարարում «Կյանքի խոսք » եկեղեցուն, որովհետեւ մեր կարծիքով, այն օբյեկտիվ չէր եւ անարդարացի էր ,- ասաց « Կյանքի խոսքի » մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը` հավելելով,-Բավական է ասել, որ դատարանը վճռի պատճառաբանական մասում չի օգտագործել հայցվոր կողմի եւ ոչ մի ապացույց, որոնց թվում ներկայացված էին երկու փորձագիտական եզրակացություններ: Մեկը ՀՀ տեղակատվական վեճերի խորհրդի, մյուսը ՌԴ կրոնի եւ իրավունքի փորձագետների եզրակացություններն էին, որոնք լիովին հիմնավորում էին հայցվոր կողմի հայցապահանջի արդարացի լինելը: Բացի դա, հոդվածներում ակնհայտ կերպով վիրավորանք արտահայտող բնութագրություններ եւ արտահայտություններ կային, որոնք անառարկելի վիրավորանք են» :


Արմեն Լուսյանի խոսքերով` ինչպե ՞ս կարելի է վիրավորական չհամարել, երբ մի հոդվածում կրոնական կազմակերպությունը, որը քրիստոնեական եկեղեցի է եւ դավանում է քրիստոնեական եւ բորայական արժեքներ ներկայացվում է որպես « անբայորական գաղափարներ եւ արժեքներ քարոզող աղանդավորական միավորում , իբրեւ թե խրախուսում է եւ հովանավորում է պոռնկությունը, անբարոյական կյանքը » :

« Սա ինքնին զրպարտություն է եւ վիրավորանք է, որն ուղղակի արատավորում է եկեղեցու բարի համբավն ու եկեղեցու առաջնորդի պատիվն ու արժանապատվությունը»ասաց մամուլի խոսնակը` շարունակելով. « Ուստի փորձելու ենք օգտագործել մեր արդարադատության համակարգի ընձեռած բոլոր հնարավորությունները, որ հասնենք արդարացի վճռի » : Մեր հարցին ի պատասխան նա նաեւ չբացառեց, որ հնարավոր է գործը հասնի Եվրադատարան :

«Կանաչ լույս` մամուլում ատելության եւ բռնության քարոզի համար »

Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի փորձագետ, տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը « Ա1+ »-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց կայացված վճռի առթիվ :

«Շատ զարմացա, որ դատարանը մերժել է հայցը : Անընդունելի է դա : Ժողովրդավարական հասարակարգում անընդունելի է նման լրագրությունը : Նման վճիռների կայացումը կանաչ լույս է մամուլում ատելության եւ բռնություն քարոզի տարածման համար, որն արդեն քրեական վարույթ է մտնում : Հայցը մերժելն անընդունելի է, որովհետեւ եթե նման խոսքն է ընդունելի համարվում, ապա դա կանաչ լույս է բռնություն, կամ ատելություն սերմանող խոսքի համար կոնկրետ կրոնական կազմակերպությունների նկատմամբ :
Շատ վտանգավոր է նման մոտեցումը եւ կարծում եմ Վերաքննիչն ու Վճռաբեկը պետք է այդ սխալն ուղղեն : Ես կանվանեմ դա անբարեխիղճ լրատվություն : Այնտեղ միայն մեկ փաստական տվյալի վրա, որ Կարեն Արեյանի մայրն ասել է, որ Անժելա Սարգսյանն այս կազմակերպության անդամ է, մի ամբողջ քննադատական նյութ է պատրաստվել կազմակերպության գործունեության վերաբերյալ` առանց ուսումնասիրելու կազմակերպության գործունեությունը, մտնելու այդ կազմակերպություն, հարցազրույցներ վերցնելու »:
Արա Ղազարյանին հարցինք նաեւ, թե իր կարծիքով, ինչո ՞ւ մյուս դեպքերում, երբ վիրավորանքը հատկապես պաշտոնյաներին է վերաբերում, թերթերը տուգանվում, պատժվում են, իսկ այս դեպքում նման վճռի ականատես եղանք :

«Չեմ կարող ասել: Սա կրոնական կազմակերպության նկատմամբ ատելություն սերմանող նյութ էր ,-ասաց փորձագետը` հավելելով,- Եթե կազմակերպությանը մեղադրում է մանկապղծության մեջ, եւ դա շատ լուրջ մեղադրանք է, ապա պիտի ցույց տար, որ սեփական հետաքննություն է կատարել գոնե նվազագույն պայմաններով, գոնե մեկ անգամ այցելեր կազմակերություն : Բայց ընդամենը ասեկոսեի` երրորդ անձի հայտարության հիման վրա, առանց փաստական տվյալների կազմակերպությանը նման մեղադրանք է ներկայացելը դա լրագրություն չէ եւ սպառնում է ժողովրդավարական հասարակարգում առողջ լրագրությանը» :

Ավելացնենք, որ տեղեկատվական վեճերի խորհուրդը գտել է նաեւ, որ ծաղրանկարների մատուցման նման եղանակը կարող էր վիրավորել կրոնական կազմակերպության անդամների կրոնական զգացմունքները, իսկ «աղանդ» բառի շարունակաբար և հետևողականորեն օգտագործումը « լրատվանյութը վերածում է կրոնական ատելություն սերմանող կամ հրահրող խոսքի»։: