Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԲԱՇԻՁԵՆ ՓԱԽԱՎ ՄՈՍԿՎԱ

Քաղաքականություն

Աջարիայի ինքնավար հանրապետության ղեկավար Ասլան Աբաշիձեն ներկայացրել է իր հրաժարականը եւ հեռացել Բաթումիից։ Այս որոշումը Աբաշիձեն ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի հետ ավելի քան 3 ժամ շարունակվող բանակցություններից հետո։

Չնայած Միխայիլ Սաակաշվիլու խոստումներին՝ երաշխավորել նրա անվտագությունը պաշտոնից ինքնակամ հեռանալու դեպքում, Աբաշիձեն մեկնել է Մոսկվա։ Ինքնավարության նախկին ղեկավարի հետ միասին Մոսկվա է մեկնել նաեւ նրա որդին՝ Գերգի Աբաշիձեն, ով վերջին երեք տարին զբաղեցնում էր Բաթումիի քաղաքապետի պաշտոնը, ինչպես նաեւ նրա բարեկամներն ու համախոհներից ոմանք։

«Վարդերի հեղափոխությունից» եւ նախագահական ընտրություններից հետո Վրաստանի դեմոկրատական ուժերը տարան հերթական հաղթանակը։

Գիշերը հազարավոր աջարացիներ տոնում էին Աբաշիձեի հրաժարականը։ Ժողովուրդը հավաքվել էր Աբաշիձեի նախկին նստավայրի մոտ, որտեղ կազմակերպվեց նույնիսկ յուրօրինակ հրավառություն։