Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Քաղաքականություն

Համաշխարհային Հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի կարծիքով, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կկարգավորվի միայն բանակցությունների միջոցով: Նրա խոսքերով, այսօր Ռուսաստանում չկան քաղաքական ուժեր, որոնք կցանկանային, որ Հայաստանում անկայուն իրավիճակ լիներ.«Այս պարագայում ավելորդ է խոսել այն մասին, թե Ռուսատանի որոշ խոշոր կազմակերպություններ ֆինանսավորում են ընդդիմությանը»:

Ինչ վերաբերում է հանրահավաքներում Ռոբերտ Քոչարյանի հրաժարական տալու ընդդիմության կոչերին, ապա պարոն Աբրահամյանի կարծիքով, այդ հարցը պետք է լուծվի միայն ՀՀ Սահմանադրության շրջանակներում. «Սահմանադրական դատարանը դեռ ոչ մի հստակ որոշում չի ընդունել այս հարցի վերաբերյալ»:

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի կարծիքով, եւ Հայասատանի իշխանությունները, եւ ընդդիմությունը պետք է հասկանան, որ իրենց չմտածված գործողություններից տուժելու է միայն ժողովուրդը.«Եթե մարդիկ դուրս են եկել բողոքելու, ապա իշխանությունները պարտավոր են լսել նրանց, իսկ ընդդիմությունը իր հերթին չպետք է օգտվի այդ առիթից ՝ իր անձնական շահերը լուծելու համար»: