Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԽ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՆՎԱԶ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ». ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Քաղաքականություն

Ինչպե՞ս է ՀՀ ղեկավարությունը պատրաստվում իրականացնել ԵԽ բանաձեւի պահանջներից մեկը` Երեւանում կազմակերպվող հանրահավաքների մասնակիցների հանդեպ չկիրառել վարչական կալանք: Հարցի պատասխանը ոչ մի կերպ չհաջողվեց պարզել ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից: «Մենք եւ Եվրախորհուրդը այդ հարցում իրար լավ չենք հասկացել», - ասում է արդարադատության նախարարը, որը պնդում է, թե ԵԽ-ում ներկայացված փաստերը ոչ ճշգրիտ են, ուստի դրանց հիման վրա կազմված փաստաթղթի արժեքն էլ փոքր-ինչ նվազում է:

Այնուամենայնիվ, իբրեւ պաշտոնյա, Դավիթ Հարությունյանին մտահոգում է նման փաստաթղթի առկայությունը. «Չէի ուզի, որ Հայաստանը դառնար եվրախորհրդի քննարկման առարկա»:

Արդարադատության նախարարի գնահատմամբ, ԵԽ բանաձեւի առկայությունը, համենայնդեպս, արդիականացրել է եվրոպացիների հետ համատեղ քննարկումները՝ խնդրի լուծման ուղիները որոնելու համար:

Դավիթ Հարությունյանը պնդում է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է օրենսդրական թերությունների պատճառով, քանի որ «վարչական կալանք» հասկացությունը ժառանգություն է ԽՍՀՄ տարիներից:

Ըստ արդարադատության նախարարի, այդ տերմինը անկախ Հայաստանում կիրառելի չէ. եթե ԽՍՀՄ տարիներին իրավախախտին այսպես ասած «վարչական կալանքի» ենթարկելու համար որոշում էր կայացնում մեկ մարդ, ապա այսօր այդ որոշումը կայացնում է դատարանը, ուստի «վարչական կալանք» տերմինը կարող է դիտարկվել որպես «դատական կալանք»:

Բացի այդ Դավիթ Հարությունյանն առաջարկում է նաեւ երկրորդ տարբերակ. եթե եվրոպացի փորձագետների համար ընդունելի լինի, ապա «վարչական կալանք» ենթադրող իրավախախտումը կարող է տեղափոխվել «քրեական օրենսգիրք», հետեւաբար այդ պատիժը կդառնա քրեական: