Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՇՎԻՄԵՐԻ ՀԵՏ

Քաղաքականություն

Այսօր ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել մեր պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչների` Շավարշ Քոչարյանի եւ Արտաշես Գեղամյանի վերջին հինգ օրվա մեջ երկրորդ հանդիպումը ԵԽ Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի հետ:

Այս հանգամանքը Շավարշ Քոչարյանի գնահատմամբ «աննախադեպ է». «Ինչը խոսում է այն մասին, թե ինչ լուրջ ուշադրություն են դարձնում եվրոպական կառույցները Հայաստանի խնդրին եւ ինչքանով վճռական են տրամադրված... Երեկ եղել է նաեւ պարոն Շիդերի հետ հանդիպումը, ու մեծ հետաքրքրություն կա բոլոր քաղաքական խմբերի եւ ուժերի կողմից: Այդ տեսակետից ակնհայտ է, որ Հայաստանը կանգնած է երկընտրանքի առջեւ. կա՛մ դառնում է Եվրոպայի լիարժեք անդամ, կա՛մ մենք ունենալու ենք պրոբլեմ: Եվ ամենակարեւորը` դա ստեղծողը հայ ժողովուրդը չէ: Նա պատրաստ է ապրել եվրոպական չափանիշներով: Այն խումբն է, որ իշխանության է կանգնած եւ հանուն աթոռը պահելու պատրաստ է տանել դեպի հետամնաց երկրներ»։

Իսկ Արտաշես Գեղամյանը նկատեց.

«Բնականաբար, այս քննարկումը ո՛չ Հայաստանի իշխանությունների սրտով էր, ո՛չ էլ մեր դարավոր «բարեկամների»: Միայն Հայաստանի իրական բարեկամներն են շահագրգռված, որպեսզի Հայաստանում հաստատվեն դեմոկրատական նորմեր: Աստվածաշնչի հայտնի դրույթը` «Աչքեր ունեցողը եւ կտեսնի», գործել է: Եվրոպան տեսել է, ինչ տեղի ունեցել Հայաստանում անցած 2-3 ամիսների ընթացքում»: