Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՐԻԼԻ 13-Ը ԲԱՑԱՍԱԲԱՐ ԿԱԶԴԻ ԲՈԼՈՐԻՍ ՎՐԱ

Քաղաքականություն

«Շատ վատ երեւույթ էր», - այսպես որակեց Բաղրամյան պողոտայում ապրիլի 13-ի գիշերվա դեպքերը Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը այսօր հրավիրված ասուլիսում:

Ըստ նրա, ժողովրդի նկատմամբ կիրառված բռնության ցանկացած փորձ բացասաբար է ազդում բոլորիս վրա. «Չեմ կարծում վիճակն այնքան վատ էր, որ կարելի էր այդ քայլին դիմել»:

Պարոն Շահվերդյանը չցանկացավ ասել, թե ու՞մն է մեղքի ամենամեծ բաժինը՝ իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը: «Տեղերի փոփոխությունը նույն պրոցեսին էր բերելու», - պատճառաբանեց նա:

Աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահը կարծում է, որ հանրահավաքներ պետք է կազմակերպել ոչ միայն իշխանափոխության, այլ համազգային խնդիրների լուծման պահանջով՝ օրինակ՝ սոցիալական, բնապահպանական: Այս դեպքում էլ պարոն Շահվերդյանը ունի իր հիմնավորումը. «Ժողովրդի շատ քիչ մասն է հավատում, որ անձի փոփոխությունից ինչ-որ բան է փոխվելու», բացի այդ «իշխանափոխությունը ընտրությունների միջոցով պետք է լինի»:

«Նոր ուժ է պետք», - ասում է նա՝ ավելացնելով, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն բարոյական մարդիկ:

Պարոն Շահվերդյանն հավատացնում է, որ իրենք «էկզոտիկ անուն ունեցող կուսակցություն չեն», այլ ունեն իրենց նպատակները եւ գաղափարները:

Իսկ այդ նպատակների մեջ այս տարի մայիսի 1-ը ՝ աշխատավորների տոնը նշելը չի մտնում: Հին «մայովկաների» ոգուն համաձայն նրանք կտոնեն միայն մայիսի 2-ը, այսինքն մի քանի կուսակցական ընտանիքներով կգնան Երեւանից դուրս: