Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Քաղաքականություն

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունել է Հայաստանի մասին զեկույցը։ Ներկայացնում ենք վերջնական տարբերակը։

1. 2004 թվականի մարտի վերջից ընդդիմադիր ուժերը Հայաստանում կազմակերպվել են բողոքի ցույցերի մի ամբողջ շարք, որոնց ընթացքում կոչ է արվել անցկացնել նախագահի «վստահության հանրաքվե»։ Հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ խոսել է Հայաստանի Սահմանադրական դատարանը։ ՍԴ-ն հետագայում պարզաբանեց առաջարկը, իսկ իշխանությունը որակեց ընդդիմության պահանջները եւ բողոքները որպես շխանությանն ուժով տրանալու փորձ։

2. Հայտարարվել էր, որ իշխանությունը, որը կազմակեպրիչներին սպարնացել էր քրեական հետապնդմամբ, չի արտոնել հանրահավաքների անցկացումը։ Ապրիլի 5-ի հանրահավաքից հետո, Գլխավոր դատախազը քրեական գործ հարուցեց ընդդիմության մի քանի ներկայացուցիների նկատմամբ կազմակերպած հանրահավաքի կապակցությամբ, շատ ավելի մարդ ձերբակալվեց։ Անհայտ անձինք ծեծի են ենթարքել մի քանի լրագրողների եւ քաղաքական գործիչների, մինչդեռ ոստիկանությունը ոչ մի միջոց չի ձեռնարկել կասեցնելու համար։

3. Նոր հանրահավաքներ են կազմակերպվել Երեւանում ապրիլի 9-ին, 10-ին եւ 12-ին։ Ապրիլի 13-ի վաղ առավոտյան անվտանգության ուժերը դաժանորեն ցրել են հանրահավաքի մոտ 2000-3000 մասնակիցներին, որոնք փորձում էին երթով մոտենալ նախագահական նստավայրին` Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության կոչերով: Ըստ տեղեկությունների` ոստիկանությունն օգտագործել է մահակներ, ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ, ինչը բազմաթիվ վնասվածքների պատճառ է դարձել: Ցուցարարներից շատերը, այդ թվում պատգամավորներ, ոմանք նաեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ, ձերբակալվել են։ Ոստիկանները հարձակվել եւ ձերբակալել են նաեւ ընդդիմության հանրահավաքը լուսաբանող լրագրողներից մի քանիսին։

4. Լարվածությունը Հայաստանում պահպանվում է։ Ընդդիմությունը նախատեսում էր նոր հանրահավաք անցկացնել ապրիլի 26-ին։ Չնայած նրան, որ որոշակի առաջարկներ արդեն արվել են եւ իշխող մեծամասնության որոշ ներկայացուցիչներ, հիմնականում ՀՀ ԱԺ նախագահը դատապարտել է ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունները, ընդդիմության եւ իշխանության երկխոսությունը քիչ հավանական է։

5. ԵԽԽՎ համարում է, որ ՀՀ իշխանությունների գործողությունները հակասում են 2004-ի հունվարին ընդունած 1361 բանաձեւում ձեւակերպված պահանջների ոգուն եւ օրենքի տառին եւ պահանջում է, որպեսզի Հայաստանն անհապաղ կատարի իր ստանձնած պարտավորությունները:

Վեհաժողովը մտահոգ է հետեւյալ փաստերից.
ա. Զանգվածային ձերբակալությունները, այդ թվում Վարչական օրենսգրքի հիման վրա, անտեսել են վարչական կալանքների կիրառումը անհապաղ դադարեցնելու եւ այդ գործընթացի օրենսդրական հիմք ծառայած Վարչական օրենսգիրքը փոխելու պահանջը:
բ. Իշխանությունները հրաժարվել են արտոնել ընդդիմության հանրահավաքները Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայով արգելվող պատճառաբանությամբ: Ավելին, շրջանառության մեջ գտնվող «Հանրահավաքների, ցույցերի, երթերի անցկացման մասին» օրենքը Վենետիկյան Հանձնաժողովի փորձագետների կողմից գնահատվել է որպես չափազանց սահմանափակող:
գ. Վերջին դեպքերի ընթացքում ձերբակալված անձինք, ըստ տեղեկութւունների, ենթարկվել են ոստիկանության եւ անվտանգության ուժերի բռնի գործողություններին, չնայած ուժային ներկայացուցիչների վատ պահվածքը շտկելուն ուղղված ավելի վճռական եւ ակտիվ քայլեր ձեռնարկելու Վեհաժողովի պահանջներին:
դ. Խոսքի ազատությունը շարունակում է լրջորեն ոտնահարվել, եւ վերջին իրադարձությունների ժամանակ լրագրողների դեմ իրականացված բռնության դեպքերը տեղի են ունեցել եւ հանդուրժվել են ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցների կողմից:
6. Վեհաժողովն ընդգծում է, որ ընդդիմությունը պետք է անի առավելագույնը ապագայում բռնությունների կրկնությունից խուսափելու համար

7. Ինչ վերաբերում է վստահության հանրաքվեի եւ նախագահի հրաժարականի վերաբերյալ ընդդիմության պահանջին, ապա Վեհաժողովն ընդգծում է.
ա. Միջազգային հանրությունը եւ Վեհաժողովի պատվիրակությունը բազմիցս դատապարտել են ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարական ընտրությունները, որ տեղի են ունեցել անցյալ տարի։ Ընտրությունները հիմնական կետերով չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, եւ աչքի ընկնող խախտումները ներառել են նաեւ ԶԼՄ-երի կողմնակալ լուսաբանումը, ընդդիմության քարոզարշավն իրականացնող եւ վստահված անձանց ձերբակալությունները, արդյունքների կեղծիքները, դիտորդների ահաբեկումը, ինչպես նաեւ ընդհանրապես ընտրական հանձնաժողովների ոչ համարժեք պահվածքը:
բ. Չնայած ընտրակեղծիքներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա, Վեհաժողովը Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ 1361 բանաձեւում արտահայտել է իր հիասթափությունը ընտրական գործընթացից եւ կոչ է արել անց կացնել ընտրակեղծիքների համակողմանի հետաքննություն եւ վերջ տալ դրանց համար պատասխանատու անձանց անպատժելիությանը:

8. Պնդելով, որ Հայաստանի իշխանությունը պետք է ամբողջությամբ կատարի անցյալ տարվա թերի ընտրությունների վերաբերյալ պահանջները, Վեհաժողովը կարծում է, որ ընդդիմությունը, լիովին վայելելով խաղաղ հավաքների իր սահմանադրական իրավունքները, պետք ձգտի հասնել նպատակին սահմանադրության շրջանակում։

9. Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում.
ա. Թույլ տալ խաղաղ ցույցերը եւ զերծ մնալ ապագա ցանկացած գործողություններից, որոնք օրենսդրորեն կամ գործնականում կբերեն Մարդու Իրավունքներիի Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված ազատ հավաքի իրավունքի չարդարացված սահմանափակմանը:
բ. Երաշխավորի տեղաշարժման ազատությունը Հայաստանի սահմաններում։
գ. Թափանցիկ եւ վստահված ձեւով անմիջապես ուսումնասիրել վերջին իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպերը եւ մարդու իրավունքների ոտնահարման փաստերը, այդ թվում լրագրողների եւ իրավապաշտպանների վրա հարձակումները, եւ Վեհաժողովին տեղեկացնել բացահայտումների ու պատասխանատու անձանց հանդեպ հնարավոր օրինական գործողությունների մասին:
դ. Անմիջապես ազատել հանրահավաքին մասնակցելու համար ձերբակալված անձանց, վերջ տալ վարչական կալանքի պրակտիկային եւ այդ նպատակով փոխել Վարչական օրենսգիրքը:
ե. Հաշվի առնել, որ ԵԽԽՎ անդամների լիազորություններն օրենքի մեջ են ամբողջ տարվա ընթացքում (ԵԽԽՎ 1325 հռչակագրի (2003թ) եւ 1602 Պահանջի (2003)։ Համապատասխանաբար Վեհաժողովը Հայաստանի օրինական իշխանությանը կոչ է անում այսուհետ տեղեկացնել ԵԽԽՎ նախագահին ԵԽ-ում Հայաստանի պատվիրակության անդամների ձերբակալության եւ քրեական հետապնդման մասին։
զ. Ստեղծել արդար պայմաններ ԶԼՄ-ի բնականոն գործունեության համար, հեռուստաընկերություններին, մասնավորապես «Ա1+» հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր տրամադրելու հարցում։
է. Մինչ 2004 թվականի հունիսին կայանալիք նիստը գրավոր տեղեկացնել Վեհաժողովին 9-րդ կետի «ա» եւ «զ» ենթակետերի կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

10. Վեհաժողովը կոչ է անում ընդդիմությանն ու իշխանությանը զերծ մնալ որեւէ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա բռնությունների, եւ առանց նախապայմանների սկսել երկխոսություն` ներկա կոնֆլիկտը ԵԽ-ի չափանիշներին եւ եվրոպական ժողովրդավարական պրակտիկային համապատասխան լուծելու նպատակով:

11. Վեհաժողովը հավատացած է, որ վերջին իրադարձություններն առավել հրատապություն հաղորդեցին իր պահանջներին` ԵԽ առջեւ ստանձնած Հայաստանի պարտավորությունները լիակատար եւ առանց պայմանների կատարելու համար: Վեհաժողովը մտադիր է հանձնարարել Մոնիտորինգի խմբին իր զեկուցողներին ուղարկել Հայաստան, ներկա դրության վերաբերյալ զեկույց կազմելու եւ 9 կետի «ա» եւ «զ» ենթակետերով սահմանված պահանջները կատարելու ընթացքի մասին զեկույցը մինչեւ սեպտեմբերին կայանալիք նիստը ներկայացնելու համար։ Եթե մինչեւ սեպտեմբերյան նստաշրջան վերոնշյալ կետերի վերաբերյալ առաջընթաց չարձանագրվի, կվերանայվի Հայաստանի պատվիրակության լիազորությունները Վեհաժողովի ընթացակարգի 9-րդ կանոնի համապատասխան:

Թարգմանությունը` «Ա1+»-ի