Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿԸՆԴՈՒՆՎԵՆ

Քաղաքականություն

Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավիրած խորհրդակցությունը՝ ներքաղաքական իրավիճակից լուծումներ գտնելու խնդրով:

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Արշակ Սադոյանից ու Սմբատ Այվազյանից տեղեկացանք, որ կոալիցիայի անդամները որոշակի վերապահումներ են ունեցել առաջարկներում տեղ գտած որակումների ու գնահատակների առումով, սակայն ոչ բովանդակային:

Ընդդիմության ներկայացրած առաջարկները մինչեւ վաղը ժամը 13.30-ը կոալիցիան կքննարկի եւ որոշում կկայացնի: Ըդհանուր առմամբ, ըստ մեր զրուցակիցների, առաջարկներն ընդունելի են եղել կոալիցիայի համար:

Երկու կողմերն էլ արձանագրել են, որ այս հանդիպումը կարող է լավ հիմք լինել հետագա երկխոսության համար:

Իսկ մեր հարցին, թե արդյոք այսօրվա քննարկումը չի խոչընդոտի Ստրասբուրգում Հայաստանի հարցի քննարկմանը՝մասնավորապես շահարկման առարկա չի՞ դառնա այն փաստը, որ կողմերը «լեզու են գտել», իսկ դուք Հայաստանի հարցն եք քննարկում, Արշակ Սադոյանն ասաց, որ վստահում է Շավարշ Քոչարյանի ու Արտաշես Գեղամյանի զգոնությանը, որոնք նման շահարկում թույլ չեն տա:

Արշակ Սադոյանն ու Սմբատ Այվազյանը վերահաստատեցին վաղվա հանրահավաքի կայացման փաստը, դեռ ավելին, նրանք հրավիրել են նաեւ ԱԺ նախագահին, որը, կարծես թե մերժել է այդ հրավերը: Իսկ մինչ հանրահավաքը, վաղը նորից կհանդիպեն ընդդիմությունն ու կոալիցիան:

Ի դեպ, Արշակ Սադոյանը ընդգծել է, որ գլխավոր նախապայման այնուամենայնիվ մնում է երկրում վստահության մթնոլորտի ձեւավորումը, այսինքն, վստահության հանրաքվե կամ նոր ընտրություններ իրականացնելը: