Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԱՓԻ ՄԵՋ ՊԱՀԵԼ»

Քաղաքականություն

Այսօր երեկոյան ձայների 2/3-ով ԵԽԽՎ պետք է որոշի հաստատե՞լ արդյոք օրակարգը, որի մեջ ներառված է Հայաստանի խնդիրը: Այդ կապակցությամբ «Ա1+»-ի հարցերին է պատասխանում հայկական պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը:

Կհաստատավի արդյո՞ք Հայաստանի խնդիրներին վերաբերող օրակարգի կետը :

-Քանի որ բյուրոն կողմ է, քաղաքական հանձնաժողովը կողմ է, կարծում եմ բավական շանսեր ունենք:

Ի՞նչ կտա դա Հայաստանին:

-Հայաստանում կատարվում են իրադարձություններ, որոնք Եվրոպան չի կարող հանդուրժել եւ պետք է իշխանություններին չափի մեջ պահել:

-Ի՞նչ արեց Եվրոպան «Ա1+»-ի հարցում: Չէ ո՞ր ոչ մի դրական արդյունք ԵԱՀԿ գնահատականները չունեցան:

-Ո՞նց չունեցավ: Հենց այսօրվա բյուրոյի վերաբերմունքը... Վերջ ի վերջո քանի՞ անգամ կարելի է «Ա1+»-ի համար դիմել եւ արդյունքի չհասնել: Իսկ վերջերս լրիվ արդեն ոտնահարում են...: Այդ բոլորը կուտակվում է: Այնպես, որ անհետ ոչինչ չի անցնում:

Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ Բյուրոյի նիստից անմիջապես հետո Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը հանդիպեց ընդդիմության ներկայացուցիչների` իր եւ Արտաշես Գեղամյանի հետ:

-Նա շատ լավ տեղեկացված է` ինչ է կատարվում Հայաստանում, վրդովված է: Ունի իր սեփական կարծիքը այս հարցի շուրջ: