Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ «ՄԱՐՏԱԴԱՇՏ» ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ

Քաղաքականություն

ՀՀ ընդդիմության կողքին այսօր կանգնել են նաեւ աշխատանքի եւ պատերազմի վետերանների հանրապետական միության անդամները: Նրանք այսօր հայտարարեցին, որ պատրաստվում են մասնակցել վաղը կայանալիք հանրահավաքին:

«Չի գտնվի մեկը մեզանից, որ պաշտպանի Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը: Մենք պահանջում ենք Ռոբերտ Քոչարյանի անհապաղ հեռացումը», - Համաշխարհային երկրորդ պատերազմի վետերանների անունից հայտարարեց պատերազմից հետո երկրորդ կարգի հաշմանդամ դարձած Հրաչ Ավետիսյանը:

Վետերաններին վրդովեցնում է ոչ այնքան այն փաստը, որ իրենց արժանավույնս չեն գնահատում հայրենիքում եւ ապրուստի նորմալ պայմաններ չեն ստեղծում, այլ իրենք զայրացած են այն փաստից, որ հայերը լքում են իրենց հայրենիքը եւ որ երկրի իշխանությունը ձեռք է բարձրացնում իր ժողովրդի վրա:

«Մենք ուզում ենք, որ մեր տարած հաղթանակը ժողովրդին ծառայի, մենք ժողովրդի համար ենք արել դա»,- հայտարարում են պատերազմի վետերանները:

Նրանք սկզբունքորեն հրաժարվում են Ռոբերտ Քոչարյանին դիմել իբրեւ նախագահ եւ նրան պարզապես դիմում են «պարոն Ռոբերտ Քոչարյան»: Պատերազմի վետերանները համոզված են, որ Ռոբերտ Քոչարյանը բռնազավթել է իշխանությունը եւ նրա կողմնակիցները միայն օլիգարխներ են, բիզնեսմեննր եւ մի շարք չինովնիկներ, որոնք էլ կառչած են իրենց աթոռներից:

«Ընդդիմությունն ո՞վ է. ընդդիմությունն ամբողջ հայ ժողովուրդ է»,- ասում են վետերանները: Ի դեպ, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների թիվը Հայաստանում շուրջ 8 000 է: