Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎՈՒՏՈՎԱՅԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ

Քաղաքականություն

ԱԺ նիստը այսօր սկսվեց 90 պատգամավորի ներկայությամբ: Անկախ պատգամավորներից ներկա էին Մանուկ Գասպարյանը, Էմմա Խուդաբաշյանը եւ Սասուն Միքայելյանը: Նախորդ եռօրյայում քննարկված մի շարք հարցեր դրվեցին քվեարկության, բնականաբար` առանց խոչընդոտի, անցան, ապա երկրորդ ընթերցմամբ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ժողովներ, ցույցեր, հանրահավաքներ եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ըստ պարոն Հարությունյանի առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում արած առաջարկությունների 90 տոկոսն ընդունվել է:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նույն օրինագծի վերաբերյալ բավական խիստ դիրքորոշում արտահայտեց Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան:

Դրան ի պատասխան արդարադատության նախարարն այսօր նշեց, որ Վուտովայի կարծիքը հիմնված էր բացառապես օրինագծի առաջին տարբերակի վերաբերյալ եզրակացության վրա եւ բացի այդ շվեցարացի փորձագետը կարծում է, որ երկրում ընդհանրապես պետք չէ ունենալ նման օրենք:

Դավիթ Հարությունյանը, սակայն, պնդում է, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է վերոնշյալ օրենքի առկայությունը: