Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԱԽՄԱՉՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Քաղաքականություն

«Երեւանում վիճակը հանգիստ է», - «Նեզավիսիմայա Գազետա» թերթի այսօրվա համարում «Քոչարյանին այլընտրանք չկա» հոդվածում գրում է Ռուսաստանի աշխատողների ինքնակառավարման կուսակցության նախագահ Լեւոն Չախմաչյանը: Նրա տպավորությամբ նույնպես ընդդիմությունը ոգեշնչված է վրացական «վարդերի հեղափոխությամբ»:

Երեւան այցելելուց առաջ Չախմաչյանը Մոսկվայում ստեղծել է Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիան: Հենց ասոցիացիան էլ Չախմաչյանին գործուղել է Երեւան խնդրելու Ռոբերտ Քոչարյանի համաձայնությունը` դառնալ ՌՀԳՀ-ի պատվավոր նախագահ:

Միաժամանակ հենց տեղում` Մոսկվայում, Չախմաչյանի խոստովանությամբ, ասոցիացիան Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել «չտրվել անհաշտ ընդդիմության ավերիչ եւ անպատասխանատու կոչերին եւ պաշտպանել օրինականորեն ընտրված նախագահ Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմությունը»:

Չախմաչյանի տպավորությամբ ընդդիմությունն իր նպատակների համար փողոց է հանում «ոչ նշանակալի թվով մարդկանց»: «Ամենաբազմամարդ հանրահավաքներին մասնակցում է 10-12 հազար մարդ», - հոդվածում գրում է Չախմաչյանը:

«Դա կես տոկոսն է Հայաստանի բնակչության այն հատվածի, որը մասնակցել է 2003-ի ընտրություններին եւ տասնյակ անգամներ այդ թիվը քիչ է նրանցից, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին», - գրում է ռուսահայ քաղաքական գործիչը:

Վերջինս Հայաստանում ներքաղաքական լարվածությունը ձեռնտու է համարում հակառուսական տրամադրված ուժերին, որոնք, ըստ նրա Քոչարյանի այսօրվա հակառակորդներն են: «Իհարկե, ես համոզված եմ, որ հայ հասարակության մեծամասնությունը պրոռուսական կողմնորոծում ունի եւ թույլ չի տա, որ ինչ-որ պոլիտիկաններ Հայաստանին կտրեն Ռուսաստանից եւ եղբայրական ռուս ժողովրդից»:

Ի դեպ, վերջերս անդրադառնալով այս նույն թերթում Գեղամյանի հասցեին տպագրված ներբողներին, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե բոլորին է հայտնի, որ այդպիսի հոդվածները տպագրվում են փողով: