Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քլինթոնը ողջունեց ժողովրդավարական ընտրությունները (տեսանյութ)

Քաղաքականություն
c8e4e0fde3d25a64b9a14a1318b841bf

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ասուլիսն այսօր նախատեսվածից մոտ երկու ժամ ուշացումով սկսվեց:
Պետքարտուղարը եւ ՀՀ արտգործնախարարը կարծիք հայտնեցին հանդիպումներից:

Էդվարդ Նալբանդյանր խոսեց հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակից, ընդգծեց, որ օրերս ՀՀ-ում նշեցինք այդ հարչաբերությունների ձեւավորման 20 ամյակը, ինչը շատ խորհրդանշական համարեց Հիլարի Քլինթոնը, որը հատուկ շեշտեց, թե Հայաստանը շատ վճռական քայլ կատարեց 20 տարի առաջ` ընտրելով ժողովրդավարական զարգացման ուղին:

Նա ողջունեց այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ջանքերը, եւ հատկապես նկատեց, որ իրեն գոհացրել է միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականը` կապված վերջին խորհրդարանական ընտրությունների հետ. «Բոլոր թեկնածուները ունեցել են հավասար հնարավորություն իրենց ծրագրերը հասարակությանը հասցնելու»,-ասաց նա:

ԱՄՆ պետքարտուղարը նկատեց նաեւ, որ եղել են թերացումներ, բայց ընդհանուր առմամբ այս ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին, եւ հույս հայտնեց, որ առաջիկա ընտրություններն ավելի կատարելագործված կլինեն:
Բնականաբար ԱՄՆ պետքարտուղարին ուղղված հարցերից մեկն առնչվում էր հայ-թուրքական հարաբերություններին, չստորագրված արձանագրություններին ու հայ-ադրբեջանական լարված հարաբերություններին:

Հարցը հնչում էր հետեւյալ կերպ. դուք տարածաշրջան եք այցելել մի ժամանակ, երբ Հայաստան-Սդրբեջան հարաբերությունները լարված են, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններ չկան:

«ԱՄՆ-ի շահը այս լարված տարածարջանում խաղաղության հաստատումն է»,-ասաց պետքարտուղարն ու կրկնեց ուղիղ երկու տարի առաջ նույն նախագահական նստավայրում իր արտասանած միտքը հայ-թուրքական արձանագրությունների մասին. «Մինչեւ հիմա գնդակը Թուրքիայի դաշտում է»:

Նրա գնահատմամբ, այս ընթացքում ավելի շատ քննարկումներ են եղել երկու երկրներում էլ, բայց գործն առաջ չի շարժվում: Դրանք պետք է առանց նախապայմանների ստորագրվեին: Ապա ավելացրեց, որ պետք չի այս երկու հարցերն իրար կապել: Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն հայ-ադրբեջանական հակամարտությամբ, իսկ բաց սահմանները շահեկան է երկու կողմին էլ, արդյունավետ է տարածաշրջանի երկրների զարգացման համար:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նկատեց. «Բանակցություններ Թուրքիայի հետ չկան եւ չեն էլ կարող լինել: Դրանք ավարտվել են եւ արդյունքում ծնվել են այն արձանագրությունները, որոնք այժմ Թուրքիան չի հարգում: Չեմ կարծում, որ Թուրքիան իրավունք ունի նախապայմաններ առաջ քաշել»: