Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍԻ ՏԱԿ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇ

Տնտեսություն

Հայաստանի արդյունաբերության բոլոր ճյուղերում քիմիայից բացի ունենք առաջընթաց, այսօր հրավիրած ասուլիսում վստահեցրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Աշոտ Շահնազարյանը: Ըստ նրա քիմիական արդյունաբերության երկու հսկաները՝ «Նաիրիտը» եւ «Պրոմեթեւս քիմպրոմն» առայժմ կանգնած են էլեկտրաէներգիայի եւ գազի սակագներին առնչվող խնդիրների պատճառով:

Պարոն Շահնազարյանը ավելի լավատեսական է արտահայտվում, ասենք, ամերիկյան մի կազմակերպությանը սեփականաշնորհած «Դողագործ» ձեռնարկության մասին: Այն կշահագործվի մոտ երկու ամսից: «Առաջին տարին երեւի շահութաբեր չի լինի, բայց զրոյական բանով կսկսենք արտադրանք», - վստահեցնում է նա:

Պարոն Շահնազարյանին առավել ուրախալի է երեւում փոքր բիզնեսի ապագան. «Անձամբ ակնկալում եմ, որ շուրջ 3 հազար ընկերություններ ավելի ակտիվ, ավելի գեղեցիկ կաշխատեն, ասենք 3-4 հոգանոց»:

Փոխնախարարն այսօր հավատացրեց, որ այս տարի երկրում կստեղծվի 25 հազար աշխատատեղ: «Չկասկածեք»,-լրագրողներին դիմեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը. «Մենք, որ հայտարարում ենք այսքան աշխատատեղ, սա նոր աշխատատեղեր են, որոնք կամ նախկինում փակված էին, կամ նոր ձեռնարկություն են»: Ընդհանրապես ծագած հարցերի լուծման համար փոխնախարարն այսպիսի հույս ունի. «Ակնկալում ենք, որ միջազգային կազմակերպություններից եւ վարկային եւ գրանտային ներդրումներ կլինեն»:

Ուղիղ 13 տարի փոխնախարար աշխատող Աշոտ Շահնազարյանն իր մաշկի վրա է զգում երկրում ծավալվող բարեկեցությունը. «Իսկ դուք չե՞ք զգում, փողոցից սկսած միտում կա, թե չկա: Չես զգում: Դու եղե՞լ ա, որ կարմիր լույսի տակ տեսնես մեքենայի կուտակումներ: Բայց կա, չէ՞, վերջին երկու տարում»:
Ի դեպ բարեկեցություն արձանագրող փոխնախարարը լրագրողներին նաեւ հիշեցրեց - կլինեն կրճատումներ տնտեսության ոլորտում: