Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատվավոր դոկտորի կոչում ՝ Վ. Հարությունյանին

Հասարակություն
e5043db3dc8dccdab98da15a361715d7

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների համար բացառիկ դասախոսությամբ հանդես եկավ ռուսաստանաբնակ հայ մտավորական, բարերար, «AVA Group of Companies Oil & Gas Projects»-ի նախագահ Վլադիմիր Հարությունյանը: Նա բազմաթիվ բարեգործական ձեռնարկներ է ունեցել հայրենիքում, և հենց նրա միջոցներով է վերանորոգվել Ծաղկաձորի Կեչառիսի միջնադարյան վանական համալիրը:

Վլադիմիր Հարությունյանը Երևան է եկել հատուկ Մանկավարժական համալսարանի հրավերով և ուսանողներին ներկայացրեց «Ռուսաստանը երեկ, այսօր, վաղը» թեմայով դասախոսություն:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, Վլադիմիր Հարությունյանին շնորհեց ՀՊՄՀ պատվավոր դոկտորի կոչում:

Վլադիմիր Հարությունյանը արմատներով Արևմտյան Հայաստանից է, ծնվել է Ռուսաստանում և զբաղեցրել բարձր ու խիստ պատասխանատու պաշտոններ:

1961 թվականին ավարտելով Մոսկվայի արտաքին հարաբերությունների պետական ինստիտուտը` Վլադիրմիր Հարությունյանն աշխատանքի է անցել ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարությունում` համամիութենական «Սոյուզնեֆտէքսպորտ»-միավորումում: Ապա 1965-1971 թվականներին Լոնդոնում եղել է «Նաֆտա» բաժնետիրական ընկերության տնօրենը: 1972-1974 թվականներին աշխատել է որպես «Սոյուզնեֆտէքսպորտ»-ի արևելյան մասնաճյուղի տնօրեն, իսկ 1974-1981 թվականներին կրկին Լոնդոնում գլխավորել է «Նաֆտա» բաժնետիրական ընկերությունը` հանդիսանալով գլխավոր տնօրենը: Այնուհետև աշխատել է որպես համամիութենական «Սոյուզնեֆտէքսպորտ» միավորման փոխնախագահ: Իսկ 1986-1992 թվականը ղեկավարել է այդ հսկայական կառույցը`«Սոյուզնեֆտէքսպորտը»: 1992-1995 թվականներին նա հանդիսացել է «Ավստրիական արդյունաբերողների միության» նախագահի ավագ խորհրդատու, իսկ 1996 թվականից մինչ օրս ղեկավարում է «AVA Group of Companies Oil & Gas Projects» ընկերությունը: