Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ, ՔՈՆՆ ԵՄ ԵՍ, ԲԱՅՑ ԻՄԸ ՉԵՍ ԴՈՒ

Քաղաքականություն

«254 հոգի կամ ձերբակալված են, կամ ենթարկվել են ապօրինի խուզարկությունների կամ նրանց հանդեպ տարվում է բացատրական աշխատանք», - «Արդարություն» դաշինքի գրասենյակում այսօր տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նա ասաց նաեւ, որ արդեն կիրառվում է մարդկանց փողոցից գողանալու պրակտիկան:

Երեկ 6 հոգի է ոստիկանության բաժանմունքներ տարվել հենց Ազատություն հրապարակից:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի տվյալներով ապրիլի 10-ի երեկոյան իր տանից պատանդ է վերցվել 16 ամյա Նունե Աշուղյանը: Պատանդ պահելու նպատակն, ըստ պարոն Զեյնալյանի, Նունեի ծնողների ոստիկանություն ներկայանալ ստիպելն է: Նույն օրը ուշ գիշերին կուսակցության միջամտությամբ Նունեին բաց են թողել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանությունից:

«Այն, ինչ-որ կատարում են իշխանությունները, այլ կերպ անվանել, քան պետական տեռոր սեփական ժողովրդի դեմ, չի կարելի», - ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը:

Ըստ նրա, ԵԽ-ն իշխանությունների այս վարքագիծն անցյալ տարի նմանեցրել է 37-ի բռնություններին: «Համենայնդեպս 37 թվի ժամանակ մարդիկ փողոցից մարդկանց չէին փախցնում»,-ավելացրեց պարոն Քոչարյանը:

«Էս պարագայում ապօրինի իշխանություններն իրենց քայլերով Հայաստանը դրել են Եվրոպայից դուրս», - շարունակեց նա:

Ի դեպ այն հարցին, թե կարելի՞ է ավարտված համարել անցյալ հինգշաբթի Րաֆֆի Հովհաննիսյանի կենտրոնում սկսված կոալիցիա-ընդդիմություն երկխոսությունը, Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Երկխոսության կամ դիալոգի գնալու կոալիցիայի առաջարկությունները բլեֆ էին»:

Պարոն Դալլաքյանն իր բառերով սակավամիտների համար մեկ անգամ եւս հարկ համարեց հայտարարել. «Ժողովուրդը ցանկացած ժամանակ ցանկացած եղանակով կարող է իրեն վերադարձնել իշխանությունը»: