Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՏԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԲԵԼ Է ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Տնտեսություն

«Երեւանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված համայնքային զարգացման ծրագրի արդյունքները պետք է համարել անբավարար, քանի որ ստացված արդյունքը չի համապատասխանում ներդրված միջոցներին: Ծրագրի իրականացման օպերատոր հանդիսացող «A-UTILITY» կազմակերպության հետ պայմանագրի երկարաձգումը դիտում ենք ոչ նպատակահարմար»:

Սա մեջբերում է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի գլխավորած «օտարերկրյա ներդրումներ եւ վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունից է:

Իրականացված ուսումնասիրությունների ժամանակ հայ խորհրդարանականները պարզել են, որ մայրաքաղաքի ջրամատակարարման կառավարությունը ստանձնած իտալական կազմակերպությունը չի իրականացրել իր ծրագրերը: Ավելին, խորհրդարանականները սկսել են կասկածել, որ մի քանի տարի առաջ տեղի ունեցած միջազգային մրցույթի ժամանակ իտալացիները ներկայացրել են ակնհայտ սխալ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

«Մերոնք, բնականաբար, վազելով էժանի վրա հաղթող ճանաչեցին իտալացիներին»,- եզրակացրել է Վահան Հովհաննիսյանը:

Հանձնաժողովը բացահայտել է եւս մեկ խախտում: Այն դեպքում, երբ կառավարման պայմանագրով նախատեսված էր ընդամները 20 000 ջրաչափերի տեղադրում, իտալական կազմակերպությունը իրացրել է 275 750 ջրաչափ: Ջրաչափերը բնակչությանը վաճառվել են 15 դոլարով՝ գումարած տեղադրման ծախսերը: Սա այն դեպքում, երբ ջրաչափերի մեծածախ գինը 5-6 դոլար է:

Վահան Հովհաննիսյանը այդ ամենը գնահատել է որպես իտալացիների «կոմերցիոն գործարք»: Հանձնաժողովի հաշվարկների համաձայն այդ գործարքն ապահովել է 6,5 մլն. դոլարի եկամուտ:

Սակայն, ուր են կորել այդ գումարները հանձնաժովն այդպես էլ չի կարողանում պարզել, քանի որ այդ գործարքը ՀՀ Կառավարության եւ իտալական կազմակերպության միջեւ կնքված պայմանագրում նշված չի եղել:

Այդ ոլորտում բազմաթիվ խախտումներ արձանագրելուց բացի խորհրդարանական հանձնաժողովը չարաշահումներ է հայտնաբերել նաեւ բարեգործական կազմակերպությունների գործունեության բնագավառում: