Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգությունը» միացան (տեսանյութ)

Քաղաքականություն
de6569beab7de2fa85d27a1b60af7dfc

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը միավորեց մի շարք քաղաքական ուժերի:

Այսօր Ազգային ժողովի շենքի մոտ Հայ Հեղափոխական Դաշնակցություն, «Ժառանգություն» կուսակցություններն ու Հայ Ազգային Կոնգրեսը համատեղ ցույց էին անում։

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերն ունեին մեկ պահանջ` մեծամասնականն ընտրակարգը փոխարինել 100 տոկոսանոց համամասնականով:

«Մեծամասնականը ինքնին որևէ վատ բան չի պարունակում, բայց մեր երկրում չկա մեծամասնական, ըստ էության դա ինչ որ ծածկագիր է ֆեոդալական կարգերի»,- «Ա1+»-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՀԱԿ ակտիվիստ Կարեն Թովմասյանի կարծիքով, չենք կարող նշել գոնե մի մարդու, որն ունի համեստ ֆինանսական միջոցներ, գրագետ է և մեծամասնական ընտրակարգով հայտնվել է Ազգային ժողովում։
«Հիմնականում օլիգարխները, կրիմինալներն ու թաղային հեղինակություններն են մեծամասնականով դարձել իշխող ռեժիմի հիմնական հենարանը, դրա համար էլ Սերժ Սարգսյանը զուրկ լինելով քաղաքական հենարանից, հույսը դրել է կրիմինալի վրա»,- նշեց ՀԱԿ ակտիվիստը:

Հայ Հեղափոխական դաշնակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին էլ շատ է գոհացրել, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու՝ իրենց նախաձեռնությանը միացել են ոչ միայն ընդդիմադիր, այլև կոալիցիայի անդամ ուժեր:

«Բարգավաճը ավելի առաջ գնաց, Բարգավաճը մեզ հետ միասին դիմում ներկայացրեց, որպեսզի լսումներ լինեն այս հարցով և եղան»,- տեղեկացրեց պարոն Հովհաննիսյանը։

Նրան չի հուսահատեցնում Հանրապետական կուսակցության դիրքորոշումը, որը դեմ է իրենց առաջարկած գաղափարին։ Ըստ Վահան Հովհաննիսյանի, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկը ԱԺ կողմից ընդունվելու հնարավորություն ունի:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱԺ ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: