Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱԽՃԱՆՎԵՑ ՍԵՐԳԵՅ ԶԱՏԻԿՅԱՆԸ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խոր վշտով հայտնում է, որ կյանքի 79-րդ տարում վախճանվել է հայկական ֆուտբոլի լեգենդար անուններից մեկը` 20-րդ դարի Հայաստանի լավագույն դարպասապահ ճանաչված Սերգեյ Զատիկյանը:

Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 14-ին, Չայկովսկու 30 հասցեից / Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի հարեւանությամբ /

Այդ կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստորագրել է մահախոսական, որում ասվում է.
«Հայկական ֆուտբոլը ծանր կորուստ կրեց: Կյանքի 79-րդ տարում, երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց հայկական ֆուտբոլի նվիրյալներից ու լեգենդար անուններից մեկը, 20-րդ դարի Հայաստանի լավագույն դարպասապահ ճանաչված Սերգեյ Զատիկյանը:

Մասնակցելով Հայրենական մեծ պատերազմին ու անցնելով մարտական մաքառումների ուղի, Զատիկյանն ամբողջությամբ նվիրվեց հայկական ֆուտբոլին` 1947 ին ընդգրկվելով Երեւանի «Դինամոյում», ապա «Սպարտակում», որն էլ հետագայում դարձավ Երեւանի «Արարատի» կորիզը եւ մինչեւ 1963 թվականը խաղաց հայ ժողովրդի սիրելի թիմում:

Սերգեյ Զատիկյանը ԽՍՀՄ առաջնություններում մասնակցել է 59 խաղի` բազում անգամներ ուրախության ու հիացմունքի պահեր պատճառելով իր բազմահազար երկրպագուներին` անառիկ պահելով Հայաստանի թիմի դարպասն ու Հայաստանի ֆուտբոլային պատիվը: Թողնելով ֆուտբոլը, Սերգեյ Զատիկյանը նախ «Արարատում», այնուհետեւ ֆուտբոլի դպրոցում զբաղվել է մարզչական աշխատանքով, իր փորձն ու հմտությունները փոխանցելով մատաղ սերնդին:

Պարգեւատրվել է ՀՍՍՀ Գերագույն Սովետի պատվոգրով, մեդալներով, շքանշաններով:

Լեգենդար դարպասապահի, հրաշալի մարդու, լավ ընկերոջ, իր գործի նվիրյալի հիշատակը վառ կմնա բոլոր նրանց սրտերում, ովքեր պատիվ են ունեցել ճանաչելու նրան, ովքեր եղել են նրա կողքին, ում համար թանկ է եղել հայկական ֆուտբոլի անունն ու հեղինակությունը»: