Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՌԴ-Ն

Տնտեսություն

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Վնեշտորգբանկի» վարչության նախագահ Անդրեյ Կոստինին, որը Հայաստանում է գտնվում «Հայխնայբանկի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերման պայմանագրի ստորագրման նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են, որ դա, ըստ էության, ՌԴ-ի բանկային կապիտալի առաջին պաշտոնական մասնակցությունն է Հայաստանի բանկային կապիտալում:

«Վնեշտորգբանկի» վարչության նախագահը, ընդգծելով Ռուսաստանի Դաշնությունում բանկային համակարգի նկատմամբ ներկայումս նկատվող բնակչության վստահության աճը, հույս է հայտնել, որ իր ղեկավարած բանկի մուտքը հայկական շուկա, կնպաստի բանկերի նկատմամբ նաեւ Հայաստանի բնակչության վստահության մեծացմանը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Անդրեյ Կոստինի խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման ներկա վիճակը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է այսուհետ եւս գործուն աջակցություն ցույց տալ «Վնեշտորգբանկի» կողմից մեր երկրի ֆինանսաբանկային համակարգի խթանմանն ուղղված բոլոր ջանքերին, ինչը իր հերթին կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ավանդական տնտեսական ու առեւտրային կապերի առավել սերտացմանը: