Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿԵՐ

Տնտեսություն

Այսօր ՀՀ Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Հայաստանում Համաշխարհային բանկի լիազոր ներկայացուցիչ Ռոջեր Ռոբինսոնը ստորագրեցին Համաշխարհային բանկի կողմից 2004թ. հունվարի 22-ին հաստատված 19 մլն ԱՄՆ դոլարին համարժեք Հայաստանի կրթության որակի բարձրացման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցման վարկային ծրագիրը:

Այս ծրագիրը Համաշխարհային բանկի տասնամյա, երեք մասից բաղկացած ծրագրի առաջին փուլն է:

Հայաստանի կրթության որակի բարձրացման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցման ծրագիրն ունի չորս հիմնական բաղադրիչ՝
1.հանրապետության պետական կրթակարգ եւ գնահատման համակարգ,
2.դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը,
3. ուսուցչի մասնագիտական կատարելագործում,
4. համակարգի կառավարում եւ արդյունավետություն:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ռոջեր Ռոբինսոնի կարծիքով Հայաստանի ազգաբնակչությանը շատ է հետաքրքրում կրթական բնագավառը եւ իրենք պետք է ամեն ինչ անեն բարեփոխումների գործընթացը խթանելու համար:

Հիշեցնենք, որ օպտիմալացման հետեւանքով դպրոցներից դուրս են մնացել 3600 ուսուցիչներ, սակայն, ըստ ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, եթե բոլոր հարցերը լուծվեն, 2006 թվականին օպտիմալացման խնդիրը օրակարգից դուրս կգա:

Վարկը Հայաստանին տրամադրվել է 40 տարվա մարման ժամկետով եւ 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով: Ի դեպ, Համաշխարհային բանկը 1993 թվականից ի վեր 31 ծրագրերի համար տրամադրել է 755մլն ԱՄՆ դոլար: