Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ

Տնտեսություն

ՀՀ Տնտեսական դատարանը վճիռ կայացրեց բավարարել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության հայցն ընդդեմ ԱրմենՏելի:

Դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը ասաց, որ ԱրմենՏելը խախտել է 2003 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարի ընդունած որոշման 2-րդ կետը եւ եռօրյա ժամկետում անվավեր չի համարել 1999 թվականի մարտի 3-ին ուժը կորցրած հեռախոսակապի սակագների կիրառման մասին իր իսկ հայտարարությունը. «ԱրմենՏելը ոչ միայն չկատարեց նախարարի որոշումը, այլ նաեւ բոլոր լրատվամիջոցներով հայտարարեց սակագների հնարավոր բարձրացման մասին»:

Պարոն Կոստանյանի հավաստմամբ, ԱրմենՏելը իրավասու չէր այդ հայտարարությունը անելու՝ հիմք ունենալով 2002 թվականի հունվարի 21-ին ՀՀ Կառավարության եւ Արմենտելի միջեւ կնքված պայմանագիրը. «Պայմանագրում հստակ նշված է, որ հեռախոսակապի րոպեավճարի համար սահմանվում է 4 դրամ սակագինը»:

Պատասխանողի՝ ԱրմենՏելի իրավաբանական ծառայության պետ Արմեն Ղազարյանի պնդմամբ, ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարը չէր կարող այդպիսի որոշում ընդունել, քանի որ ԱրմենՏելին տրված թիվ 60-րդ լիցենզիայով նախատեսված է այլ սակագին. «Լիցենզիայում հստակ նշված է, որ րոպեավճարը պետք է կազմի 8 դրամ, իսկ եթե այս հարցի վերաբերյալ կան տարաձայնություններ, ապա դրանք պետք է լուծվեն ոչ թե դատարանի միջոցով, այլ միայն բանակցություններով»: