Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա1+-ԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՕՐԻՆԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԱԺ-ՈՒՄ ՉԿԱՅԱՑԱՎ

Քաղաքականություն

Այսօր մի խումբ պատգամավորներ ի դեմս գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի առաջարկեցին Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրավիրել: Ըստ նրանց առաջարկած նախագծի՝ Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային Հանձնաժողովի որոշումները, դատարանում բողոքարկվելու դեպքում կասեցվում են մինչեւ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ մտնելը: Պատգամավորներն ըստ էության առաջարկում էին «Ա1+»-ին եթեր տրամադրել ՝ մինչեւ դատարանի վճիռը:

Հարցը պետք է քվեարկվեր էլեկտրոնային համակարգով: Սակայն խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը պահանջեց 20 րոպե ընդմիջում հայտարարել եւ խորհրդարանի եռօրյա նիստերի ժամկետը սպառվեց:

ԱԺ գիտության , կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի խոսքերով, հարցն «Ա1+»-ին էր առընչվում եւ խափանելու ամենալավ ձեւը 20 րոպե ընդմիջումն էր: Բայց կլինի նոր եռօրյա, կարելի է ստորսգրահավաք անել, ասում է նա:

Իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կոչ արեց «Ա1+»-ի հարցը քաղաքականության հետ չկապել: Ըստ նրա Հայաստանում խոսքի ազատությունը միայն «Ա1+»-ով չի պայմանավորված, կան շատ անկախ լրատվամիջոցներ:
«Բարձր եմ գնահատում, որ «Ա1+»-ը դիմել է դատարան: Հարցերը պետք է այդ ճանապարհով լուծել, ոչ թե միտինգներով», - ասում է վարչապետը:

Իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խոստանում է «Ա1+»-ի հետ կապված վիճակի իրավական գնահատականը տալ ավելի հարմար պահի, քանի որ հիմա դատական գործ է հարուցված:

Կառավարության մեկ այլ անդամ՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանի պատասխանները «Ա1+» -ի մասին երեկ շատ սպառիչ էին. «Չեմ կարծում, որ «Ա1+»-ը եթերից զրկվել է :«Ա1+»-ը երեւի հնարավորություն կունենա աշխատելու»

Նշենք, որ խորհրդարանում կայացած Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ա1+»-ի վերեբերյալ որեւէ հարց չհնչեց: