Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ

Հասարակություն

2003թ. օգոստոսի 28-ին Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Վանաձորի տարածքային կենտրոնի կողմից ստուգումներ են անցկացվել «Մեդիա Գրուպ» լրատվական-հասարակական կազմակերպությունում, որի արդյունքում կազմվել է մոտ 652 հազ. դրամի ակտ՝ «չձեւակերպված աշխատողներ ունենալու» մեղադրանքով:

«Դրանք թաքնված աշխատողներ չեն, այլ կամավորներ»,- պնդում է կազմակերպության իրավաբան Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա, «Վանաձորում ՀԿ-ների եւ համայնքի միջեւ կապերի հզորացում» դրամաշնորհային ծրագրով կամավորության հիմունքներով վարորդ, խմբագիր, լուսանկարիչ ընդգրկելը արգելված չէ օրենքով:

«Մեդիա Գրուպ»-ը հայցով դիմել էր Տնտեսական դատարան՝ բողոքելով Սոցապ հիմնադրամի որոշման դեմ: Հայցը բավարարվել էր:

ՀՀ սոցապ հիմնադրամը Տնտեսական դատարանի վճիռը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում, որն էլ փետրվարի 13-ին որոշել էր այն բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Բայց «Մեդիա Գրուպի» ներկայացուցիչները ծանուցվել են, որ դատը մարտի 11-ին տեղի է ունենալու Վերաքննիչ դատարանում, ու զարմացել. «Չէ՞ որ Վերաքննիչ դատարանն այս դեպքում կոմպետենտ չէ»:

Այսօր Վերաքննիչ դատարանում դատավարության մասնակիցները տեղեկացան, որ իրականում «նախագահողը լավ չի ծանոթացել գործին, նոր ծանոթանալով՝ հասկացել, որ այն իր իրավասությունների տակ չէ եւ գործը ուղարկել է Տնտեսական դատարան»: