Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՐՀԵՂԵՂՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՊՈՊՈՒԼԻՍՏ

Տնտեսություն

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները, շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներ:

Քննարկվել են գարնանային հեղեղումների, ուժեղ քամիների պատճառած հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումները:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը ընդգծել է հատկապես Առողջապահության նախարարության հակահամաճարակային ծառայության աշխատանքը, որի շնորհիվ այդ բարդ իրավիճակում հնարավոր եղավ խուսափել համաճարակից:

Խորհրդակցության ընթացքում վարչապետը մարզպետներին ներկայացրել է կառավարության ունեցած հնարավորությունները, ըստ որի մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում կառավարությունը կտրամադրի շուրջ 2000 հեկտարի համար ցորենի, գարու, կարտոֆիլի սերմացու ձեռքբերելու գումար:

Ըստ հաշվարկի այն կկազմի 90 մլն դրամ, ինչպես նաեւ կփոխհատուցի պարարտանյութի շուկայական ներկայիս գնի տարբերությունը՝ մոտ 60 մլն դրամի չափով, որը հնարավորություն կտա 15 հազար տոննա (անցյալ տարվա համեմատ կրկնակի ավելի) պարարտանյութ տրամադրել գյուղացիությանը զգալիորեն ցածր՝ 3700 դրամով:

Նշվել է նաեւ, որ 22 տոննա բուժանյութ կա, որը կուղղվի մոտ 170-180 հազար հեկտարի վրա վնասատուների դեմ պայքարին: Վարչապետի հարցմանն ի պատասխան, գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ մայիսի 25-ին կստացվեն չինական օգնության տրակտորները, ամռանը սպասվում է գյուղտեխնիկայի օգնություն Հնդկաստանից, իսկ նոյեմբերին ճապոնական կողմը կտրամադրի 25 կոմբայն: