Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՏՕ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ

Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերն այսօր պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի նամակին, որում նախարարն իր վրդովմունքն էր արտահայտել Բուդապեշտում հայ սպայի բարբարոսական սպանության կապակցությամբ:

Դաշինքի Գլխավոր քարտուղարը հայտնում է, որ նրան խորապես ցնցել է ՀՀ ԶՈւ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության փաստը եւ խնդրել փոխանցել նրա ընտանիքին իր անձնական վշտի ու ցավակցանքի խոսքերը:

«Ինչպես գիտեք, Հունգարիայի իշխանությունների համապատասխան մարմինները մանրակրկիտ հետաքննություն են իրականացնում, եւ ես վստահ եմ, որ նրանք ջանք ու եռանդ չեն խնայի այս սպանության բոլոր հանգամանքները բացատրելու եւ արդարադատության գերակայությունը ապահովելու համար: Ես ուշադրությամբ հետեւելու եմ այդ հետաքննության արդյունքներին, ինչպես նաեւ դրան հաջորդող դատավարության իրավական ընթացքին», - նշում է պրն. դե Հոոպ Սխեֆերը:

Դաշինքի Գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ այս քրեական միջադեպը չի խոչընդոտի ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության հետագա զարգացմանը եւ հավաստիացնում, որ Դաշինքը մեծապես գնահատում է Գործընկերություն հանուն Խաղաղության ծրագրին Հայաստանի ցուցաբերած մոտեցումն ու ներդրումը:

Փոխվստահություն զարգացումը եւ Կովկասում տարածաշրջանային համագործակցությունը խրախուսելը հանդիսանում են ՆԱՏՕ-ի Գործընկերության եւ համագործակցության քաղաքականության կարեւորագույն բաղադրիչները, նշում է նա: