Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Քաղաքականություն

Այսօր ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյի հետ։ Հանդիպումից հետո դեսպանը բավական արդյունավետ գնահատեց հանդիպումը՝ նշելով, որ «նման հանդիպումները օգնում են փոխադարձաբար հասկանալու Հայաստանին եւ տարածաշրջանին վերաբերող տարբեր խնդիրները»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական իրավիճակը Հայաստանում՝ Ազգային Ժողովին, ընդդիմությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների խնդիրը Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում։

Դեսպանի եւ ՀՅԴ ներկայացուցիչների միջեւ սա հերթական հանդիպումն էր։ Նման հանդիպումների միջոցով ԱՄՆ դեսպանը ցանկանում է հասկանալ Հայաստանի քաղաքական ուժերի դիրքորոշումները, սեփական կարծիքը ձեւավորելու նույն հարցերի շուրջ։

«Մեր նպատակն է այս շփումների միջոցով ներկայացնել ԱՄՆ դիրքորոշումը ժողովրդավարության, շուկայական տնտեսության հարցում, ինչպես նաեւ ներկայացնել Միացյալ Նահանգների կարծիքը տարածաշրջանային անվտանգության մասին», նշեց դեսպանը։