ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԳՍՏԱՑՐԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Այսօր Ռոբերտ Քոչարյանն այցելեց Երեւանի Պետական համալսարան: Այստեղ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Քոչարյանն ասել է, որ արձանագրվել է 19 տոկոս տնտեսական աճ:

«Մեր նորագույն պատմության մեջ անկախությունից հետո սա լավագույն ցուցանիշն է», – եզրակացրել է պարոն Քոչարյանը:

Առաջիկա 4 տարիների համար Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման կարգախոս է ընտրել քաղաքացիների «կյանքի որակի բարելավումը»:

Ըստ ռադիոկայանի, պատասխանելով «Զինծառայության մասին» հետ կանչված օրինագծի մասին հարցին, Ռոբերտ Քոչարյանն ուրախացած պատասխանել է, թե «մեկ նախագծով ինչքա~ն ենք աշխուժացրել ուսանողությանը»:

Նա այս օրինագիծը համարել է ժամանակավրեպ, քանի որ դեռեւս կարգավորված չէ բուհական համակարգի օրենսդրական դաշտը: Նրա խոսքերով, այս օրինագիծը վերաբերվում էր նաեւ իր երկու որդիներին, որոնք օրինագծի ընդունումից հետո զորակոչվելու էին բանակ: Այսօր Քոչարյանը կողմնակից է, որ բոլոր 18 տարեկան երիտասարդները գնան բանակ:

Երկրի արտաքին պարտքին վերաբերող հարցին Քոչարյանն արձագանքել է, որ ոչ ոք անհանգստանալու կարիք չունի: Ինչ վերաբերվում է նախարարների «Ջիպ»-երին, Քոչարյանն ասել է, որ վաղուց էր պետք հրաժարվել «Վոլգա» մակնիշի մեքենաներից, քանի որ դրանք ծախսատար են:

Մաքսային վարչության պետի մեքենայի մասին Քոչարյանն արձանագրեց. «Հետաքրքրվեցինք… Ձեռի վրայից առած մեքենա էր»:

Ուսանողներից մեկը հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցը, որտեղ նշվում էր նախագահի վերջին ընտրություններում տեղ գտած աննախադեպ խախտումների մասին, Ռոբերտ Քոչարյանին հարցրել է. «Ձեր լեգիտիմության աստիճանը խանգարու՞մ, թե օգնում է ԼՂ խնդրի կարգավորմանը»: «Իմ լեգիտիմության աստիճանը ինձ օգնում է, թե խանգարու՞մ է: Ղարաբաղցու ասած՝ օգնում է: Հանգստացա՞ք»: