Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ

Հասարակություն

Քննելով ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի՝ ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը, 2003թ. ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանը որոշեց անփոփոխ թողնել ԿԸՀ որոշումը՝ միաժամանակ առաջարկելով ՀՀ ԱԺ-ին եւ ՀՀ նախագահին մեկ տարվա ընթացքում կազմակերպել վստահության հանրաքվե՝ «որպես նախագահի ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց»:

ՍԴ այս որոշումը բուռն քննարկումների պատճառ դարձավ: «Իմաստազուրկ են բոլոր այն ընդդիամախոսությունները, թե որոշում կայացնելիս ՍԴ-ն դուրս է եկել իր իրավասությունների սահմաններից»,- կարծում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանը:

Ըստ «Քաղաքական բանավեճի ակումբի» այսօրվա հյուրի, ՍԴ-ն պարտավոր էր «վեճին վերջնական լուծում տալ, սակայն ընդամենը վեճի լուծման մեխանիզմ է առաջարկել»: Սրա պատճառը փորձագետը համարում է այն, որ ՍԴ-ն չունի բավարար եւ համապատասխան իրավասությունններ եւ չի կարողացել գնահատել ընտրախախտումների ծավալները եւ դրանց ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա, թեեւ ապացուցված էր համարել խախտումների փաստերը:

«Օրենսդրությամբ պետք է հստակեցնել նաեւ ընտրական գործընթացի վրա տարբեր իրավախախտումների իրական ազդեցության որոշման չափորոշիչները, որպեսզի ՍԴ որոշման մեջ դրանք լինեն տեսանելի եւ արտացոլված»,- հայտարարեց Ստեփան Սաֆարյանը:

Ի դեպ, նա այսօր հիշեցրեց, որ ինչպես ՍԴ ցանկացած այլ որոշում, վստահության հանրաքվեի մասին որոշումը եւս վերջնական է եւ պարտադիր է կատարման: