Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Հասարակություն

2004 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությունն անակնկալ դժվարությունների հանդիպեց եղանակի ջերմաստիճանի կտրուկ բարձրանալու պատճառով:

Ձնհալի հետեւանքով վարարված գետերը եւ սելավաջրերը հսկայական վնաս են հասցրել գյուղական տնտեսություններին: Ջրհեղեղների պատճառով սելավաջրերը լցվել են գյուղական տները: Մի շարք բնակավայրերում էվակուացվել են նույնիսկ անասունները: Ուժգին քամիները մի շարք գյուղերում գետին են տապալել էլեկտրական սյուները եւ որոշ ժամանակով դադարեցվել է գյուղերի էլեկտրամատակարարումը:

Ներկայումս մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը վերականգնված է: Ձնհալի պատճառով ափերից դուրս է եկել նաեւ Հրազդան գետը: Հրազդանի կիրճում աշխատող բազմաթիվ օբյեկտներ ջրհեղեղի պատճառով մեծ վնասներ են կրել:

Գետերի վարարումների պատճառով բարդություններ են առաջացել մայրաքաղաքի ջրամատակարարման բնագավառում: «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը զգուշացնում է, որ Երեւանի որոշ համայնքներում ջրամատակարարման խափանման պատճառով համայնքների բնակիչների ջուրը կմատակարարվի ցիստեռներով:

Իսկ հակահամաճարակային կազմակերպությունները՝ հետագա բարդություններից խուսափելու նպատակով, մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ են տալիս օգտագործելուց առաջ ջուրը համենայնդեպս եռացնել: