Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ «ՏԱԿԻՑ»

Հասարակություն

Բաց հասարակության ինստիտուտի արդարադատության նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, Արդարադատության նախարարին՝ իր մտահոգությունը հայտնելով «Տեղեկատվության ազատության մասին» /«ՏԱՄ»/ ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Դրանք հաստատվել էին կառավարության կողմից 2004թ. փետրվարի 12-ին:

Ըստ նամակի հեղինակների, կառավարությունը փոխարեն ընդունելու «ՏԱՄ» ներկայիս օրենքը լիարժեք գործողության մեջ դնելու համար անհրաժեշտը կարգը, մշակել է նոր օրինագիծ, որը զգալիորեն թուլացնում է ընդունված օրենքը:

«Նկատենք, որ Արդարադատության նախարարության առաջարկված փոփոխությունները տեղեկատվության սահմանափակման ավելի լայն հնարավորություն կստեղծեն՝ թույլ տալով, որպեսզի մյուս օրենքները գերակայեն «ՏԱՄ» օրենքի նկատմամբ: Դրանք նաեւ կկրճատեն այն տեղեկատվության ծավալը, որ պետական մարմինները պետք է ինքնաբերաբար մատչելի դարձնեին», - իրենց դիտարկումներն են արել նամակի հեղինակները:

Նրանք կոչ են արել հաշվի առնել իրենց դիտարկումները, քանի որ. «Այս ամենի վերջնական արդյունքը կարող է լինել Հայաստանում հրապարակային եւ բաց իշխանությունների զարգացման խոչնդոտումը»:

Ի դեպ, այսօր հրավիրված կլոր սեղանի ժամանակ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը տեղեկացրեց, որ նամակի հեղինակներին այդպես էլ չի հաջողվել ծանոթանալ առաջարկվող փոփոխությունների պաշտոնական տեքստին:

«Նպատակահարմար չէ տրամադրելը, քանի որ այն կա ինտերնետային էջում», - մերժման հիմքերը բացատրել են կառավարությունում:

Օրինագիծը ինտերնետային էջում գտնել չի հաջողվել, եւ հասրակական կազմակերպությունների ներկայացուցիչները ստիպված են եղել այն հայթաթել զարտուղի ճանապարհով: