Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԶԻ ԵՒ ՋՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ

Տնտեսություն

Այսօր ՀՀ Կենտրոնական բանկը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը բացեցին Հայաստանում առաջին վճարային ինտերնետային համակարգը՝ «ԱրՔա» պլաստիկ քարտերի միջոցով:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ այս համակարգը թույլ է տալիս «ԱրՔա» քարտապաններին ընկերության ինտերնետային հասցեով վճարումներ իրականացնել կոմունալ ծառայությունների ՝ հեռախոսի, գազի, ջրի, էրեկտրաէներգիայի դիմաց, նաեւ գնել «Արմենթելի» «Իզի» լիցքավորման քարտեր եւ «Արմինկո»-ի ինտերնետային քարտեր:

«Արքա» ՓԲԸ-ը հիմնադրվել է ՀՀ Կենտրոնական բանկի եւ տաս առեւտրային բանկերի կողմից 2000 թվականի մարտին՝ Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման եւ զարգացման նպատակով: Ընկերության տնօրեն Շահեն Հովհաննիսյանի հավաստմամբ, այսօր «ԱրՔա»-ն 50000 քարտապան ունի եւ իրենց անդամակցում են Հայաստանի 13 առեւտրային բանկեր, որոնք արդեն թողարկել են 46000 ԱրՔա, VISA եւ MasterCard պլաստիկ քարտեր:

Յուրաքանչյուր անձ կարող է ընդամենը տարին մեկ անգամ գրանցել իր քարտը «ԱրՔա»-ի ինտերնետային հասցեում եւ ամբողջ տարի հանգիստ վճարումներ կատարել: Իսկ այս հասցեով տրված մուծումների ստացականը ունի իրավական ուժ:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիս Գրանդեի խոսքերով, այս վճարային համակարգի կիրառումը կարեւոր քայլ է Հայաստանում տեղեկատվական հասարակության զարգացման գործում.«Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները կնպաստեն Հայաստանում ժամանակակից տնտեսության ձեւավորմանը եւ բոլոր քաղաքացիներին հավասար տեղեկատվությամբ ապահովելուն»: