Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԼՈԲԱԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԽԹԱՆԻ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Տնտեսություն

«Այսօր Հայաստանի բնակչության աղքատության մակարդակը շատ բարձր է, առողջապահության բնագավառում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, կան հազարավոր գործազուրկներ: Այս խնդիրները կլուծվեն այնժամ, երբ Հայաստանի մասնավոր եւ պետական սեկտորները սերտ համագործակցեն»,- այսօր ՄԱԿ-ի եւ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիս Գրանդեն:

Ըստ նրա, Հայաստանը, ելնելով իր աշխարհագրական դիրքից եւ ռազմավարական ծրագրերից, պետք է ընդգրկվի 1999 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի նախաձեռնությամբ ստեղծված Գլոբալ պայմանագրում: Այսօր այս պայմանագրով աշխատում են շուրջ 80 երկրների 1300 խոշոր ձեռնարկություններ:

Պայմանագրի հիմնական խնդիրներն են ՝ տնտեսական աճի խթանումը, գործարարության եւ աշխատուժի զարգացումը, առողջապահական եւ կրթական հիմնահարցերի լուծումը:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի խոսքերով, այսօր Հայաստանում մասնավոր սեկտորը կազմում է 80% եւ այս բիզնես-ծրագիրը հնարավորություն կտա բոլոր ձեռներեցներին մասնակցելու պետության հիմնական սոցիալական խնդիրների լուծմանը. «Պարզապես յուրաքանչյուր գործարար պետք է մտածի ոչ միայն իր բիզնեսի մասին, այլ նաեւ ակտիվ մասնակցի հասարակության կարեւոր խնդիրների լուծմանը»,- ավելացրեց նա:

Ըստ նրա, միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, վերջին տարիների ըմթացքում Հայաստանում ներդրումային քաղաքականությունը արդյունավետ է եղել:

ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի հարցով ավագ խորհրդական Փուրնաքա դե Սիլվայի խոսքերով, իրենք տեղյակ են այն մասին, որ Հայաստանում շատ ձեռնարկություններ գործում են ստվերային տնտեսությունում. «Արտաքին աշխարհում վստահ համագործակցելու համար, անհրաժեշտ կլինի ստվերից դուրս գալ»: