Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԽՈՍՏՈՒՄԸ

Տնտեսություն

«Օրինաց Երկիր» խմբակցությունը վերջապես պատգամավորներին, հետեւաբար նաեւ հանրությանը, ներկայացրեց իր նախընտրական խոստումներից մեկի իրականացման ճանապարհները: Մինչ այդ «ՀՀ Խնայբանկում ավանդադրված ավանդների վերադարձման կամ փոխհատուցման հնարավորությունն ուսումնասիրող» ԱԺ հանձնաժողովը աշխատեց 6 ամիս եւ գումարեց 15-ից ավելի նիստ:

Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը խնդրի վերաբերյալ ուսումնասիրել է ԱՊՀ մի շարք երկրների օրինակը: Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը որոշել է, որ փոխհատուցման ենթակա են «Հայխնայբանկ»-ում ավանդադրված բոլոր 27 տեսակի ավանդները:

Ավանդատուներին չվերադարձված ավանդների ընդհանուր գումարը 8 միլիարդ խորհրդային ռուբլուց ավելի է: Ըստ որոշ հաշվարկների, այդ գումարը ներկայումս համարժեք է 83 մլն դոլարի:

Ի դեպ, ավանդների վերադարձի ժամանակ Ռուսաստանում 1000 խորհրդային ռուբլին համարժեք է եղել 30 դոլարի, իսկ Լիտվայում օրինակ` 73 դոլարի:

Խորհրդարանական «Միացյալ աշխատանքային կուսակցություն» խմբակցության առաջարկի համաձայն Հայաստանում խորհրդային 100 ռուբլին պետք է համարժեք լինի 1 դոլարի: Հանձնաժողովում յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրել է իր առաջարկը, ընդ որում, միասնական առաջարկով հանդես են եկել «Արդարություն» եւ «Ազգային Միաբանություն» խմբակցությունները:

Հանձնաժողովի առաջարկությամբ ավանդների փոխհատուցման գործընթացը պետք է սկսվի 2005 թվականից եւ ավարտվի 2020 թվականին: Ի դեպ, քննարկումների ժամանակ մտահոգություն է հայտնել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը: Հանրապետականները կարծում են, որ ավանդների փոխհատուցումը պետբյուջեում առկա գումարների հաշվին իր մեջ ռիսկեր է պարունակում, որ պետբյուջեով նախատեսված այլ ծրագրերը չեն իրականացվի:

Վերջնական առաջարկի համաձայն, նշվում է, որ ավանդների փոխհատուցման ժամանակ պետք է օգտագործվի բազմաինդեքսավորման մեխանիզմ: Առաջարկվում է նաեւ ավանդները վերադարձնել ըստ տարիքային, սոցիալական եւ այլ խմբերի: Այսօր ամբողջ օրը խորհրդարանում կքննարկվի միայն «ավանդների վերադարձի» հարցը: