Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՃՈՒՄ ԵՆՔ, ԱՃՈՒՄ ԵՆՔ, ԱՃՈՒՄ ՄԻ ԲՈՒՌ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տնտեսություն

«Չնայած տնտեսական աճին, Հայաստանում աղքատության աճ է գրանցվել», - այսօր ՀՀ աղքատության հաղթահարման տարեկան զեյույցի շնորհանդեսի ժամանակ ասաց ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հայաստանյան առաքելության ղեկավառ Քեյթ Սիմոնսը:

Վերջինս միաժամանակ նկատեց, որ այս տարի նկատվում է ծայրահեղ աղքատության նվազում:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը տեղեկացրեց, որ ծայրահեղ աղքատությունը 13,1 տոկոսից իջել է մինչեւ 11,3 տոկոսի:

Պարոն Սիմոնսը նշեց, որ «դրա պատճառ կարող է դառնալ նոր դոնորների ներգրավումը, սոցիալական նպաստների հասցեականությունը»:

Ստեփան Մնացականյանը շնորհանդեսի մասնակիցների համար ուներ առավել «սենսացիոն» մի տվյալ. «2002-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ոչ աղքատ բնակչության թիվը գերազանցեց երկրի բնակչության կեսը»: Ըստ նրա, այսօր Հայաստանում աղքատ չէ բնակչության ավելի քան 51 տոկոսը:

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության ղեկավարի մյուս «սենսացիոն» տվյալն այն էր, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկրի համախառն ներքին արդյունքը գերազանցեց վերջնական սպառման ծավալը:

Երկրի թիվ մեկ վիճակագրի խոսքերով, նախորդ 9 տարիներին վերջնական սպառման ծավալը ՀՆԱ-ին գերազանցում էր 10,4 տոկոսով: 2002-ին ՀՆԱ-ն այդ ծավալին «տվել-անցել է» 0,3 տոկոսով:

«Աշխարհիկ լեզվով ասեմ՝ մինչեւ 2002-ը մեր տնտեսությունն ուներ մաշվող տնտեսության վարքագիծ, այժմ այդ տնտեսությունը զարգացման է գնում», - ասաց պարոն Մնացականյանը:

Ի դեպ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քեյթ Սիմոնսը Ստեփան Մնացականյանին շնորհավորեց «հաջող արդյունքներ ստանալու համար»: