Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՊՄՀ-ն ամենալավը կպատրաստի կադրեր

Հասարակություն
d0ead17fe211eeafc0497df540eb6997

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում են գտնվում Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի 11 փորձագետներ, որոնք աշխատում են 47 հայ գործընկերների հետ: Նրանցից 35-ը մանկավարժական համալսարանի դասախոսներ են, 12-ը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական տարբեր հաստատությունների, այդ թվում ՝ ՀՊՄՀ կոնսորցիումի անդամ բուհերից՝ Գորիսի, Գավառի եւ Գյումրիի համալսարաններից հրավիրված մասնագետներ:

Համաշխարհային Բանկի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակում, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ ծրագրերի իրականացման գործակալության հետ միասին մշակվել էր ծրագիր, ըստ որի՝ ՀՊՄՀ-ն ստացել է հնարավորություն, ընտրելու գործընկեր եւ այդ գործընկերը Ֆինլանդիայի Օուլուի համալսարանն է: Այն հայտնի է, որպես ոչ միայն Ֆինլանդիայում, այլեւ Եվրոպայում, որպես լավագույն մանկավարժական կադրեր պատրաստող բուհերից մեկը: 2011 թվականի մայիսին Օուլուի համալսարանի փորձագետները ճանաչողական այց էին կատարել ՀՊՄՀ, որից հետո, այս շաբաթն անցկացրին մանկավարժական կադրեր պատրաստող Հայաստանի համալսարանում:

Ֆին մասնագետները տեղացի փորձագետներին են փոխանցում այն փորձը, որն այսօր պահանջվում է որպես եվրոպական չափանիշ: 2011 թվականի հոկտեմբերից մինչեւ 2013 թվականի հունվարը նախատեսված ծրագրի շրջանակում կլինեն պարբերաբար հանդիպումներ, կքննարկվեն գաղափարներ, կմշակվեն ծրագրեր:

Նախատեսված է բարեփոխել ոչ միայն բուն ուսումնական գործընթացը, գիտաուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, այլեւ ՀՊՄՀ կառավարման համակարգը, ֆինանսական, ռեսուրսային, նյութատեխնիկական, ստեղծվելու է կարիերայի կենտրոն, ավելի խորքային են ուսումնասիրվելու որակի ապահովման գործընթացը: Հայ մասնագետների վերապատրաստման արդյունքում ՀՊՄՀ-ն պետք է դառնա առաջնային բուհ՝ ուսուցիչների որակավորման եւ վերապատրաստման հարցերում: