• ՀԱԿ-ի ԱՄՓՈՓԻՉ ԲԱՆԱՁԵՒԸ

    1. Հայ Ազգային Կոնգրեսի եւ սեպտեմբերի 30-ի բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների հայտնի պահանջներով տեղի ունեցած շուրջօրյա նստացույցի եւ ամենօրյա հանրահավաքների մեկշաբաթյա միջոցառումն այսօր բոլորեց 8-րդ օրը։ Ութ օր շարունակ շուրջ հազար մարդ գիշերեց վրաններում, իսկ հազարի չափ էլ գիշերներն անցկացրեց Ազատության հրապարակի նստարանների կամ օպերայի շենքի աստիճանների վրա։ Ամենօրյա երեկոյան հանրահավաքներին մասնակցեց հարյուր հազարից ավելի քաղաքացի։

    2. Միջոցառման ամենակարեւոր նվաճումը դարձավ 2008թ. մարտի 1-ի սպանդից եւ ընդդիմության ու նրա համակիրների դեմ սանձազերծված դաժան քաղաքական հալածանքներից հետո երկրում հաստատված վախի մթնոլորտի հաղթահարումը եւ ավազակապետության ամենակարողության մասին հյուսված առասպելի սնանկության բացահայտումը։

    3. Այս տպավորիչ միջոցառումը նաեւ մի նոր նվաճված բնագիծ հանդիսացավ 2008թ. մարտի 1-ից հետո Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած քաղաքական գործողությունների շարքում։ Հակառակ իշխանության հարուցած արգելքներին, Կոնգրեսը նախ անցկացրեց չթույլատրված, իսկ ապա իրազեկված հանրահավաքներ ու երթեր, այնուհետեւ վերանվաճեց Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքը, իսկ այժմ էլ, ահա, վերսկսեց մարտի 1-ի սպանդով ընդհատված շուրջօրյա նստացույցն ու ամենօրյա հանրահավաքը։

    4. Շուրջօրյա նստացույցն ու ամենօրյա հանրահավաքները ցույց տվեցին, որ քաղաքական դաշտում Կոնգրեսն է այն միակ ուժը, որն իրոք սահմանադրական կարգի վերականգնման խնդիր է դրել իր առջեւ՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու համար։

    5. Ինչպես 2008թ. նախագահական ընտրություններն ու դրանց հաջորդած իրադարձությունները բացահայտեցին ու զրոյի հավասարեցրին կեղծ-ընդդիմության ինստիտուտը, այնպես էլ, ներկա միջոցառումը լիովին բացահայտեց «վճռական գործողությունների» կոչող եւ այդ կապակցությամբ Կոնգրեսին օրնիբուն մեղադրող ուժերի, անհատների, տարատեսակ վերլուծաբանների սնանկությունը։ Երբ Կոնգրեսն իսկապես դիմեց վճռական քայլի, ինչպիսին շուրջօրյա նստացույցն ու ամենօրյա հանրահավաքներն են, այդ մարդիկ պարզապես չքացան ասպարեզից, ինչը, սակայն, ունեցավ այն դրական արդյունքը, որ հասարակությունը վերջապես տեսավ նրանց իսկական դեմքը եւ այլեւս երբեք չի խաբվի նման անձանց փարիսեցիությունից։

    6. Շուրջօրյա այս միջոցառումը, որը մեր ուժերի ու կարողությունների մի պատասխանատու ստուգատես էր, նախ ապացուցեց, որ ավազակապետության դեմ պայքարում Կոնգրեսը, ինչպես բազմիցս հավաստել է, օգտագործում է եւ օգտագործելու է բոլոր օրինական միջոցներն ու հնարավորությունները, եւ ապա, որ նա բոլոր առումներով պատրաստ է նաեւ անժամկետ շուրջօրյա հանրահավաքների։

    7. Ազատության հրապարակը կրկին վերածվեց քաղաքացիական հասարակության ձեւավորման դարբնոցի, դառնալով մի յուրահատուկ համալսարան, առնվազն այն երիտասարդների համար, ովքեր չէին անցել 1988-ի եւ 2008-ի հրապարակային համալսարանները։ Քաղաքականությանը հաղորդակից ու գործուն մասնակից դարձավ մի նոր սերունդ, որը նաեւ հնարավորություն ստացավ կյանքի կոչելու իր նախաձեռնությունները։ Դրանցից պետք է առանձնացնել ցերեկվա ընթացքում հրապարակում գործող երիտասարդական ինտելեկտուալ ֆորումը, որը, հուսանք, կկայանա որպես մշտական դիսկուսիոն ակումբ։

    8. Իշխանությունները դիմեցին բոլոր անօրինական միջոցներին՝ շուրջօրյա նստացույցի ու ամենօրյա հանրահավաքների մարդաշատությունը թույլ չտալու նպատակով։ Չխորշեցին Երեւան մտնող մայրուղիների տոտալ շրջափակումից, Ազատության հրապարակի սրճարանների գործունեությունը խափանելուց, ընդհուպ մինչեւ շրջակայքի արտաքնոցները կողպելուց։ Ութ օր շարունակ, ժողովրդին ահաբեկելու եւ Ազատության հրապարակից հեռու պահելու նպատակով, բոլոր հեռուստակայաններով սպառնալից հաղորդագրություններ սփռեցին նստացույցը ցրելու եւ նրա մասնակիցներին պատժի ենթարկելու իրենց մտադրության մասին։

    9. Իշխանությունն, ըստ այդմ, ստիպված եղավ բացահայտել հակազդեցության իր ողջ զինանոցը բոլոր մանրամասներով, դրանով մի կողմից՝ մատնելով իր ահաբեկվածության աստիճանը, մյուս կողմից՝ ակամա հավաստելով, որ Հայ Ազգային Կոնգրեսին է համարում այն միակ իրական քաղաքական ուժը, որը կարող է սպառնալ վարչախմբի գոյությանն ու վերարտադրությանը։

    10. Դրանով հանդերձ, իշխանությունները չհանդգնեցին, բռնի գործողություններ իրականացնել խաղաղ ցուցարարների նկատմամբ, մի կողմից՝ կաշկանդված լինելով մարտի 1-ի սպանդի պատասխանատվության տակից դեռեւս դուրս եկած եւ այդ բարդույթից ազատված չլինելու հանգամանքով, իսկ մյուս կողմից՝ Հայ Ազգային Կոնգրեսի ձեռքբերած միջազգային վարկի ու հեղինակության շնորհիվ։

    11. Ութ օրերի ընթացքում Ազատության հրապարակում չգրանցվեց ոչ մի տհաճ կամ վտանգավոր միջադեպ, ինչում իրենց դերը խաղացին ինչպես նստացույցի ու հանրահավաքների մասնակիցների դրսեւորած երկաթյա կարգապահությունը, այնպես էլ հրապարակի հասարակական կարգի վերահսկողությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ընդգծված զսպվածությունը։ Միջոցառումը վերջնականապես ապացուցեց, որ եթե ոստիկանությունը չի միջամտում նրա ընթացքին, ապա Կոնգրեսի պատճառով ոչ մի միջադեպ տեղի չի ունենում։ Նույնը կլիներ, եթե 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, ոստիկանությունը բռնությամբ չցրեր Ազատության հրապարակի ցույցը։

    12. Շուրջօրյա նստացույցն ու ամենօրյա հանրահավաքը ավելի միակուռ դարձրեց Կոնգրեսի մաս կազմող կուսակցություներին, ավելին՝ քաղաքական հիմնական խնդրի շուրջ նրանց միավորումն ամրապնդեց նաեւ հոգեւոր ու մարդկային միասնությամբ։ Նույն միասնականությունն ու ջերմությունը դրսեւորվեցին նաեւ Կոնգրեսի բազմահազար անդամների ու համակիրների միջեւ։ Զգալիորեն ընդլայնվեց համաժողովրդական շարժման նվիրյալների մշտական կորիզը։

    13. Ի տարբերություն այս իրողության, համաժողովրդական շարժման քաղաքական ներկա ակիվացումն ավելի տեսանելի դարձրեց ու խորացրեց իշխանական ճամբարում առկա ճեղքերը, ինչպես նաեւ նրա նկատմամբ առանց այդ էլ գոյություն ունեցող հասարակական անվստահությունն ու համընդհանուր արգահատանքը։

    14. Շուրջօրյա միջոցառման անցկացման եւ մարտի 1-ի զոհերի հարազատների ակտիվության շնորհիվ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը հարկադրված եղավ էականորեն վերանայելու Հայաստանի վերաբերյալ բանաձեւի նախագիծը եւ խիստ պահանջներ դնելու Հայաստանի իշխանությունների առջեւ, եւս մեկ անգամ ցույց տալով միջազգային կազմակերպությունների որոշումների կախվածությունը համաժողովրդական շարժման ակտիվության աստիճանից։

    15. Սկսելով շուրջօրյա հանրահավաքները, Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստակամություն հայտնեց, դրանց զուգընթաց, վերսկսել առկախված երկխոսությունը իշխանության հետ։ Սակայն վերջինիս կատարյալ անհաղորդությունը մեզ ստիպեց անիմաստ համարել բանակցությունների շարունակումը, միաժամանակ հայտարարելով, որ եթե կոալիցիոն պատվիրակությունն, այս անգամ արդեն իր նախաձեռնությամբ, դիմի մեզ, մենք չենք հրաժարվի գոնե քննարկել երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Վերջինս, սակայն, ինչպեսեւ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, դադարել են այժմեական լինել: Այդ իսկ պատճառով` այսօրվանից Հայ Ազգային Կոնգրեսի գլխավոր կարգախոսը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:

     16. Նկատի ունենալով այս կարեւոր հաստատագրումները, Հայ Ազգային Կոնգրեսը շուրջօրյա նստացույց-հանրահավաքի կայացումը համարում է չորս տարի առաջ սկիզբ առած համաժողովրդական շարժման ամենանշանակալի հանգրվաններից մեկը, որի ներգործությունն զգացվելու է մեր ողջ հետագա պայքարի ընթացքում։ Ուստի բավարարվածության զգացումով Կոնգրեսը ձեզ, առաջին հերթին Ազատության հրապարակում գիշերող հազարավոր նվիրյալներին, առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել այս միջոցառումը եւ պահանջված պահին պատրաստ լինել անժամկետ նստացույցի։ Դուք պատվով կատարեցիք ձեր պարտքը, եւս մեկ անգամ ապացուցելով, որ ձեր վճռականությունը սահման չունի։ Հայ Ազգային Կոնգրեսն իր պարտքն է համարում խորին շնորհակալություն հայտնել բոլորիդ եւ ձեզ մաղթել ամենայն բարիք։

    17. Մեր միջոցառումն սկսվեց սեպտեմբերի 30-ի իրազեկված հանրահավաքով, եւ ավարտվում է այսօրվա արտոնված հանրահավաքով։ Եթե շուրջօրյա նստացույցի ընթացքում մենք օրենքի որեւէ խախտում թույլ տված լինեինք, քաղաքապետարանը չէր արտոնի այսօրվա հանրահավաքը։

    18. Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսը ձեզ կներկայացնի իր հետագա գործունեության ծրագիրն ու կոնկրետ անելիքները։

    Ազատության Հրապարակ, 8 հոկտեմբերի, 2011թ.

  •